Կորոնավիրուսով վարակված Բեռլուսկոնիին դուրս են գրել հիվանդանոցից

16:53 • 14.09.20

Կորոնավիրուսով վարակված Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին դուրս է գրվել Միլանի San Raffaele հիվանդանոցից, որտեղ նա բուժում էր անցնում սեպտեմբերի 3-ից: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Հիվանդանոցը լքելուց հետո 83-ամյա քաղաքական գործիչը կարճ դիմել է հավաքված աջակիցներին և
հեռուստալրագրողներին:

«Շնորհակալ եմ, որ եկել եք: Սա իմ կյանքի ամենավտանգավոր փորձությունը դարձավ»,-ասել է «Առաջ Իտալիա» կուսակցության ղեկավարը:

Հինգ րոպեանոց ելույթում Բեռլուսկոնին շնորհակալություն է հայտնել իտալացի քաղաքական գործիչներին, ովքեր աջակցություն են հայտնել իրեն ՝ նշելով, որ դա «իրեն թույլ է տվել հաղթահարել ամենադժվար պահերը, որոնք շատ էին առաջին երեք օրվա ընթացքում»:

«Իմ մտքերն առաջին հերթին ուղղված են բազմաթիվ կորոնավիրուսով վարակվածներին և նրանց ընտանիքներին: Մեզանից յուրաքանչյուրը ենթակա է այլ մարդկանց վարակելու ռիսկին: Ես ևս մեկ անգամ կոչ եմ անում յուրաքանչյուրին առավելագույնս անձնական և սոցիալական պատասխանատվություն դրսևորել»,-հայտարարել է քաղաքական գործիչը:

Բեռլուսկոնիի խոսքերով` իր թեստի անալիզը ցույց է տվել, որ օրգանիզմի վրա վիրուսային ծանրաբեռնվածությունն  ամենամեծն է եղել Միլանի հիվանդանոցում:

«Բարեբախտաբար, երբ ինձ դա ասացին, ես արդեն  առողջացել էի երկկողմանի թոքաբորբից, ինչը ինձ դարձրել էր ամենառիսկային խմբի  հիվանդ»,-նշել է նախկին վարչապետը:

Բեռլուսկոնին իր առողջացման հետագա ընթացքը կանցկացնի Միլանի մոտակայքում գտնվող իր առանձնատանը: