Արայիկ Հարությունյանն ունի մեր խմբակցության լիակատար աջակցությունը. բոլոր մեխանիզմները գործի ենք դնում, որ Կառավարության հետ երկխոսություն ստացվի. Մխիթար Հայրապետյան (տեսանյութ)

15:40 • 14.09.20

Կրթական բարեփոխումների շուրջ առաջացած քննադատությունների վերաբերյալ առաջարկել եմ ոչ միայն Գագիկ Ծառուկյանի, այլև ԲՀԿ-ի հետ ուղիղ եթերով բանավիճել՝ բացառության կուսակցության մեկ կամ երկու անդամի, սակայն արձագանք չի եղել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը։

«Բազմիցս ասել եմ, որ կրթական բարեփոխումները աշխարհի որևէ երկրում հեշտությամբ չեն  տրվել, բնական է, որ լինում է աղմուկ, շատ ուժեր փորձում են օգտվել այս իրավիճակից: Մեր քաղաքական ուժը գնում է դժվարին ճանապարհով, այն է՝ ռեֆորմներ և թիրախավորել են գործընկերոջս և մոռացել են, որ մենք պետք է խոսենք բովանդակության շուրջ: Արայիկ Հարությունյանն ունի մեր ֆրակցիայի լիակատար աջակցությունը, այս իմաստով և ես կրկնում եմ, որ առավելագույնը անելու ենք, որ առողջ քննադատությունը լսելի լինի Կառավարության համար, և բոլոր մեխանիզմները գործի ենք դնում, որ ստեղծվի դիսկուրս»:

Անդրադառնալով Հանրային Հեռուստատեսության տնօրենի ընտրության մրցույթին, որում նա հանձնաժողովի անդամ է՝ Մխիթար հայրապետյանը հավաստիացրեց, որ ընտրությունը անցնելու է թափանցիկ, արդար և ազատ.

«Հույս ունենք, որ լավ թեկնածուներ և պրոֆեսիոնալներ կառաջադրվեն, և կլինի լուրջ մրցակցություն, իսկ ինչ վերաբերում է ծանոթ- բարեկամին, ժամանակը ցույց կտա, որ մեր մղումները Հանրայինում բացառապես պրոֆեսիոնալ կառավարիչ ունենալն է: Ակնկալում ենք լուրջ որակական փոփոխություններ»: