Մակրոնն ու Պուտինը քննարկել են Նավալնիի թունավորումը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրուցել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորման վերաբերյալ և կոչ արել տեղի ունեցածի մանրամասն ուսումնասիրություն կատարել: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը` հղում տալով Ելիսեյան պալատի մամուլի ծառայությանը:
«Անհրաժեշտ է, որ Ռուսաստանը մանրակրկիտ և թափանցիկ հետաքննության միջոցով պարզի իրավիճակը »,-ասել է Մակրոնը:
Նրա խոսքերով` «Ֆրանսիան իր սեփական հետազոտության հիման վրա կիսում է եվրոպական մի շարք գործընկերների եզրակացությունները՝ կապված միջազգային նորմերի խախտմամբ և «Նովիչոկ» նյութի օգտագործմամբ թունավորման փաստի հետ»:
Բացի այդ, Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան միակարծիք է Գերմանիայի հետ այն քայլերի մասով, որոնք պետք է ձեռնարկվեն կախված Նավալնիի իրավիճակի հետ:
Միևնույն ժամանակ, Կրեմլում նշել են, որ Պուտինը շեշտել է «այս համատեքստում ռուսական կողմին ուղղված անհիմն մեղադրանքների անպատեհությունը»:
«Դեպքի իրական հանգամանքները պարզելու նպատակով անհրաժեշտ է, որ գերմանացի մասնագետները Ռուսաստանին փոխանցեն կենսանյութերը, Նավալնիից վերցված անալիզների արդյունքում արված պաշտոնական եզակացությունը»,-նշել են Կրեմլում:
Հիշեցնենք, որ Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին Տոմսկից Մոսկվա թռչելիս: Նրան տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկ քաղաքում, ուր նրան հոսպիտալացրել են շտապ օգնության թիվ մեկ հիվանդանոց: Հիվանդանոցի մասնագետները Նավալնիի օրգանիզմում թույնի հետքեր չէին հայտնաբերել: Ըստ նրանց՝ հետազոտությունները միայն ալկոհոլի և կոֆեինի հետքեր են ցույց տվել: Հայտնի է, որ չվերթից առաջ Նավալնին թեյ է ըմպել օդանավակայանի սրճարանում:
Օգոստոսի 22-ին Նավալնիին ինքնաթիռով տեղափոխել են Բեռլինի Charite հիվանդանոց, որի մասնագետներն ավելի ուշ հայտարարել էին վերջինիս թունավորման մասին, իսկ Գերմանիայի զինված ուժերի մասնագետները մաշկի, արյան և մեզի նմուշների մեջ «Նովիչոկ» խմբին պատկանող թունավոր նյութի հետքեր էին հայտնաբերել:










