Կարող է այլևս չլինել Երևանի գլխավոր ճարտարապետ, այդ պաշտոնը պետք է որոշակի փոփոխությունների ենթարկվի. Հայկ Մարության (տեսանյութ)
Հիմա մենք աշխատում ենք 100 փոքր ավտոբուսների ձեռքբերման նոր տենդերի վրա, որպեսզի մրցույթը սկսենք: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Քաղաքապետի խոսքով՝ ավտոբուսների նախորդ մրցույթին եղել է 2 մասնակից՝ Man-ը և չինական ընկերություն: 2 ընկերություններն էլ չեն համապատասխանել մրցույթի պայմաններին և մրցույթը համարվել է չկայացած:
«100 մինի ավտոբուսը սկիզբն է, ընդհանուր ավտոբուսների քանակը 850-900 պետք է լինի: Մենք պրոցեսը սկսել ենք, բայց պրոցեսը կախված չէ միայն քաղաքապետարանից: Պրոցեսին շատ լուրջ մասնակցություն պետք է ունենա Կառավարությունը: Առանց Կառավարության՝ այն գումարները, ինչի մասին խոսում ենք, համայնքն ինքն իր ուժերով չի կարող անել»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է մետրոյի նոր կայարանի կառուցման ծրագրին, Հայկ Մարությանը նշեց. «Փորձել ենք ներգրավել մասնավորի, բայց այն պայմանները, որն առաջարկել են մեզ տարբեր ընկերություններ, գնահատվել են ոչ այնքան բարենպաստ թե՛ քաղաքի, թե՛ պետության համար: Կառավարության հետ եկել ենք ընդհանուր հայտարարի, որ հենց պետությունը կկառուցի կայարանը: Հենց այս պահին մշակվում է նախագծի մրցույթը»,- ասաց նա:
Քաղաքապետի տեղեկացմամբ՝ մետրոյի նոր կայարանի կառուցման համար անհրաժեշտ կլինի պետական բյուջեից ներգրավել մոտ 35 մլն դոլար:
Հարցին, թե Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում Արթուր Մեսչյանի փոխարեն ո՞վ է նշանակվելու, Հայկ Մարությանը պատասխանեց. «Ընդհանրապես մտածում եմ, որ այդ պաշտոնը՝ Երևանի գլխավոր ճարտարապետ, պետք է որոշակի փոփոխությունների ենթարկվի և դա կարող է չլինել արդեն այլևս գլխավոր ճարտարապետ, դա կարող է մեկ մարմին, մեկ խորհուրդ լինել: Այսինքն, մեկ այլ բան, որի շուրջ մենք հենց հիմա աշխատանքներ ենք տանում»:










