Ալեքսեյ Նավալնիին անջատել են թոքերի արհեստական օդափոխման սարքից. գերմանացի բժիշկները մանրամասներ են հայտնել նրա վիճակից

19:27 • 14.09.20

Ռուս ընդդիմադիր գործիչ, բլոգեր Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակը բարելավվում է. վերջինս ամբողջովին ազատվել է թոքերի արհեստական օդափոխման սարքից և կարողանում է ժամանակ առ ժամանակ վեր կենալ հիվանդանոցային մահճակալից:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին երկուշաբթի հայտնել են Բեռլինի Charite հիվանդանոցից, որտեղ վերջինս բուժում է անցնում:

«Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակը բարելավվել է: Հիվանդին հաջողվել է ամբողջովին անջատել թոքերի արհեստական օդափոխման սարքից: Նա գնալով ավելի շարժունակ է դառնում և արդեն կարող է ժամանակ առ ժամանակ վեր կենալ անկողնուց»,- ասվում է բեռլինյան հիվանդանոցի հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Բեռլին վերջինիս օդանավով տեղափոխել են օգոստոսի 22-ին: Գերմանացի բժիշկները նրա օրգանիզմում «Նովիչոկ» խմբին պատկանող նյարդակաթվածահար ազդեցության մարտական թունավոր նյութի հետքեր են հայտնաբերել: Վերջինս կոմայից դուրս է եկել անցած շաբաթ: