160 000 դոլար․ ԱՄՆ-ում վաճառքի է հանվել ԱՄՆ 33-րդ նախագահ Թրումանի Lincoln լիմուզինը (լուսանկարներ)
ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում աճուրդի է հանվել 1950 թվականի արտադրության Lincoln Cosmopolitan-ը։ Լիմուզինը, որն արտադրվել է ԱՄՆ 33-րդ նախագահ Հարի Թրումանի անհատական պատվերով, գնահատվում է 160 000 դոլար, գրում է Motor-ը։
1945 թվականին ԱՄՆ նախագահ ընտրված Հարի Թրումանը մի քանի տարի անց General Motors-ին խնդրել է Սպիտակ տան ավտոպարկի համար 10 ավտոմեքենա արտադրել: Սակայն պետության 33-րդ ղեկավարի արմատական քաղաքականության պատճառով ամերիկյան ավտոարտադրողը հրաժարվել է մեքենաներ մատակարարել։ Այդ կապակցությամբ Սպիտակ տան ղեկավարությունը վարձակալել է Lincoln Cosmopolitan լիմուզիններ, որոնցից յուրաքանչյուրը նախապես ձևափոխվել է ԱՄՆ նախագահի անվտանգության պահանջներին համապատասխան:
Վաճառքի հանված լիմուզինը Հարի Թրումանն անձամբ օգտագործել է Նյու Յորք ուղևորությունների ժամանակ։
Նշվում է, որ մեքենան գտնվում է իդեալական վիճակում։ 1990 թվականին այն լիովին վերանորոգվել է և ցուցադրվել թանգարանում։ Մեքենան կարելի է ձեռք բերել 160 000 դոլարով։
![]()
![]()
![]()
![]()










