Թրամփը հայտարարել է, որ «բնավ չի մտահոգվում» իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ կորոնավիրուսով վարակվելու կապակցությամբ, քանի որ իր կողմնակիցներից «շատ հեռու» է կանգնում

09:55 • 15.09.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Las Vegas Review-Journal թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ «բոլորովին մտահոգված չէ» իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ կորոնավիրուսով վարակվելու առնչությամբ, քանի որ նրանցից «շատ հեռու է» կանգնում։

«Ես բեմում եմ, նրանցից մեծ հեռավորության վրա։ Այնպես որ, բնավ մտահոգված չեմ»,-ասել է Թրամփը։

Las Vegas Review-Journal-ի այն հարցին, թե արդյոք չի մտահոգվում իր քարոզարշավների շրջանակում անցկացվող հանդիպումներին մասնակցող մարդկանց առողջության մասին, Թրամփը չի պատասխանել։

Նշվում է, որ Թրամփն, ի տարբերություն նախորդ հավաքների, օրերս Նևադա նահանգում իր հազարավոր աջակիցների հետ հանդիպել է փակ շինությունում, և մինչ Սպիտակ տան ղեկավարը կանգնած է եղել բեմում՝ իր աջակիցներից մեծ հեռավորության վրա, հոծ բազմությունն առանց դիմակների է եղել և չի պահպանել սոցիալական հեռավորություն։

Հանդիպումից հետո Թրամփն արժանացել էր բազմաթիվ քննադատությունների։

«Եթե դուք կարող եք միանալ փողոցներում բողոքող տասնյակ հազարավոր մարդկանց, խաղատներ այցելել կամ անկարգությունների ալիքի ժամանակ այրել փոքր բիզնեսները, ապա կարող եք նաև խաղաղ հավաքի մասնակցել՝ լսելու Միացյալ Նահանգների նախագահին»,- ի պատասխան քննադատությունների՝ ասել է քարոզարշավի ներկայացուցիչ Թիմ Մերտոն: