ԼՂ բանակցություններում առաջընթաց չի լինի, որովհետև Թուրքիան և Ադրբեջանն այլ նպատակներ ունեն. չկա ԼՂ հարց, չկա հող հանձնելու հարց, կա Թուրքիայի ծրագիր` լիկվիդացնել ՀՀ-ը. Արման Նավասարդյան

21:23 • 16.09.20

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի խոսքով` ԼՂ բանակցային գործընթացում և ընդհանրապես բոլոր հակամարտություններում իր մոտեցմամբ՝ առաջնային բանակցությունները պետք է լինեն. պետք է բանակցել, եթե անգամ երկրները պատերազմի մեջ են, բանակցության բացակայությունը կործանարար է:

Նա Tert.am-ի հետ զրույցում, սակայն, նկատեց, որ մենք հիմա կանգնած ենք մի իրողության առաջ, երբ իրավիճակից ելքը չի երևում, քանի որ հակառակ կողմն ամեն ինչ անում է, որպեսզի բանակցություններ չլինեն: Նա նման դիտարկումներ արեց` անդրադառնալով ԵԱՀԿ Մինկի խմբի համանախագահության հայտարարությանը, ըստ որի, երկու կողմերին հրավիրում են առանձին հանդիպումների:

«Հայատանը, իհարկե, կգնա հանդիպումների, բայց չի կարող գնալ այնպիսի կոմպրոմիսների, որոնք առաջարկվում են տարբեր համանախագահների, նախագահների կողմից կամ ինչ-որ փաստաթղթերի հիման վրա: Ասում են` բանակցությունների հիմքում դնենք Մադրիդյան սկզբունքները: Եթե դա եղավ հիմքում, նշանակում է` փուլային տարբերակով կարգավորում, իսկ դա նշանակում է, որ մենք պետք է հանձնենք հողեր, հետո արդեն նոր կերևա, թե ինչ կլինի,- նշեց նա` հավելելով, որ այս զիջման պարագայում մենք տանուլ կտանք ամեն ինչ,- այս ամենի հիմքում ընկած է պանթուրքիտական կամ նեոօսմանական գաղափարախոսությունը»:

Մադրիդյան սկզբունքները, ըստ նրա, կեղծ փաստաթուղթ է, այն մեր դեմ է, և պետք է այն շպրտել պատմության աղբանոցը:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինկի խումբը տարածել էր հաղորդագրություն, ըստ որի, նրանք առանձին հեռախոսազրույցներ են ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ և նախարարներին անհատական հանդիպումների են հրավիրել առաջիկա շաբաթների ընթացքում՝ լուրջ, առարկայական և առանց նախապայմանների բանակցությունների հետագա վերականգնման նպատակով:

Այս համատեքստում Արման Նավասարդյանն անդրադարձավ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը: Նա նշեց, որ միջազգային կառույցներում ներգրավվածները շատ գումար են ստանում և ըստ այդմ` նրանք պետք է ցույց տան, որ գործ են անում:

«Ուզում եմ հասկանալ, թե նրանք այսքան ժամանակ ինչ են արել: Ատելով Թուրքիան և թուրքական քաղաքականությունը` նրանց հետ մի հարցում համաձայն եմ: Նրանք ասում են` այս 30 տարում ԵԱՀԿ Մինսկի խումբը ոչինչ չարեց և ոչինչ էլ չի կարող անել: Իհարկե, ինքն այնտեղ իր շահն ունի, ցանկանում է միջնորդ լինել: Այդ դեպքում էլ, իհարկե, խնդրի լուծումը վատթարագույնը կլիներ»,- ասաց նա:

Հիմա էլ, ըստ նրա, արտգործնախարարների նախապատրաստվող հանդիպմանը հայկական կողմը պետք է գնա: «Բայց ես մի թիզ առաջընթաց էլ բանակցություններում չեմ սպասում»,- ասաց նա:

Արման Նավասարդյանը նշեց, որ ընդհանրապես բանակցություններում և միջազգային հանրությանը մեր դիրքորոշումը ներկայացնելիս առաջնայինը  ինքը կհարամեր Հայաստանի և Արցախի անվտանգությունը, թող Թուրքիան և Ադրբեջանը փաստաթղթերով երաշխավորեն դա, և նոր լինեն բանակցություններ:

«Իսկ հայկական կողմն այդքան խոսում է Արցախի ինքնիշխանության մասին: Ի՞նչ է դա նշանակում: Դա սուվերինիտետն է, որը մենք 30 տարի առաջ ունեցել ենք: Ես դա չեմ ընդունում»,- ասաց նա:

Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսյան դեպքերից հետո մեր հաղթանակը, ըստ նրա, դժվար է ասել, թե հնարավոր եղավ կապիտալիզացնել, նկատեց` Ադրբեջանն այդ «լեզուն» չի հասկանում:

«Նրանց պետք է այնքան ջարդես, որ խաղաղությունը պարտադրես: Բանակցություններում չեմ կարծում, որ առաջընթաց կլինի, որովհետև Թուրքիան և Ադրբաջանն այլ նպատակներ ունեն. չկա Ղարաբաղյան հարց, չկա հող հանձնելու հարց, այստեղ կա Թուրքիայի ծրագիր` լիկվիդացնել Հայաստանը: Ուզում եք` տվեք բոլոր հողերը, Ստեփանակերտը, Շուշին էլ տվեք, մեկ է, նրանք անելու են այն, ինչ ուզում են»,- ասաց նա:

Արման Նավասարդյանի խոսքով` իրեն առավել շատ դուր է գալիս Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խոսքերը, որ բանակցություններ չկան, իսկ ժամանակը պետք է օգտագործել հզորանալու համար:

«Անհրաժեշտության դեպքում պետք է պատերազմել և սպասել աշխարհաքաղաքական բարենպաստ փոփոխությունների: Պատմության մեջ նման պահեր շատ են եղել. Ֆրանսիայի և Գերմանիայի դեպքում դա եղավ, երկու՝ Արևմտյան և Արևելյան Գերմանիաների օրինակը կարելի է բերել. միավորվեցին առանց մի կրակոցի, փոխվեց աշխարհը, փլուզվեց Խորհրդային միությունը և այդ ժամանակ նրանք կարողացան միավորվել և հասնել իրենց նպատակին: Այնպես որ, պետք է հնարավորինս հզորանալ ռազմական, քաղաքադիվանագիտական առումով»,- ասաց նա:

Հռիփսիմե Հովհաննիսյան