Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել (թարմացվող)
5։11
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր ադրբեջանական բանակը գրավել է 6 բնակավայր, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Վերոնշյալը ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական տեղեկատվական սադրանքն է:
15։06
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների այս պահին ամերիկյան +18185464601 կեղծ հեռախոսահամարից հաղորդագրություններ են առաքվում հայ հանրությանը՝ նպատակ ունենալով նման սադրանքների միջոցով ստեղծել խուճապային տրամադրություններ և թուլացնել քաղաքացիների զգոնությունը:
«Անհրաժեշտ է տուրք չտալ նմանատիպ ապատեղեկատվությանը և հետևել միայն պաշտոնական լրահոսին»,– ասվում է ԱԱԾ տարածած հաղորդագրությունում:
14։52
Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 07:15-ի սահմաններում ագրեսիա են ձեռնարկել Արցախի Հանրապետության հանդեպ:
Արցախի Հանրապետության զինված ուժերի մարտակարգերին, մշտական տեղակայման վայրերին ու խաղաղ բնակավայրերին հասցվել են հարվածներ հրետանային համակարգերի և հարվածային ԱԹՍ-ների կիրառմամբ: Այս մասին տեղեկացնում է ՊԲ մամուլի ծառայությունը:
Այնուհետև հակառակորդի մոտոհրաձգային և զրահատանկային ստորաբաժանումները հարձակման են անցել հյուսիսային, հարավային և հարավ-արևելյան ուղղություններով: Այս պահի դրությամբ նշված ուղղություններում ՊԲ ստորաբաժանումները մղում են պաշտպանական մարտեր՝ կասեցնելով հակառակորդի առաջխաղացումը: Հակառակորդն ունի կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ:
ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա: ՊԲ կորուստները ճշտվում են:
13:15
Ինձ մոտ եղած տեղեկություններով Արցախի ուղղությամբ սկսված մարտական գործողությունների հետևանքով զոհվել է 10 զինածառայող: Այս մասին Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանն ասել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը:
12:45
Հիմա կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվում է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք: Որոշումը ուժի մեջ կմտնի հրապարակման պահից: Այս մասին գրառում է կատարել ՀՀ Վարչապետը:
12։30
Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախի Հանրապետությունում քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը։
12։15
Քիչ անց տեղի կունենա Անվտանգության խորհրդի նիստ, ապա կառավարությունը կքննարկի ռազմական դրություն եւ մասնակի զորահավաք հայտարարելու հարցը: Այս մասին գրառում է կատարել ՀՀ Վաչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Պատրաստ եղեք մեր սուրբ հայրենիքի պաշտպանությանը: Հպարտ, հաղթո՛ղ ժողովուրդ»:
11։20
Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Ազգային ժողովի արտահերթ նիստ է հրավիրվել: Հանդես գալով պատգամավորների առջև՝ հայտարարել եմ ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար: Այս մասին Արցախի ԱԺ-ում ելույթ ունենալիս ասել է Արայիկ Հարությունյանը։










