Հիմա պատրաստ ենք մեր պարգևավճարները փոխանցել Զինված ուժերին, դրա կարիքը կա. Արամ Խաչատրյան (տեսանյութ)
Թուրքիային և Ադրբեջանին միայն այսօրվա մեր զինվորը կզսպի: Իհարկե, այստեղ շատ կարևոր է միջազգային կառույցների, գերտերությունների գործունեությունը: Ես սա երկու մասի կբաժանեի. առաջին հերթին մեր հույսը դնենք մեր զինվորների վրա, երկրորդը՝ մեր դիվանագիտական ճակատի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը:
Ըստ նրա՝ մեր երկու կողմերն էլ իրենց գործը փայլուն են կատարում: «Այս ճակատամարտը գոյատևման ճակատամարտ է և ես համոզված եմ, որ հաղթած ենք դուրս գալու, մենք բավականին մեծ հաջողություններ ունեք և՛ հարավային և՛ հյուսիսային ուղղությամբ, ես համոզված եմ՝ մենք մոտակա ժամերի ընթացքում էլի դրական հաջողություններ կունենանք»,– ասաց նա:
Խոսելով Հայաստանի դաշնակից և բարեկամ երկրների քայլերի մասին՝ պատգամավորը նշեց, որ այս փուլում դրական է համեմատում մեր դաշնակից երկրների աշխատանքները և հիշեցրեց, որ հարցազրույցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր, որ կապի մեջ է Նիկոլ Փաշինյանի հետ և չի նշել Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցների կամ այլ կապի մեջ լինելու մասին:
Պատգամավորը հիշեցրեց նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ելույթի մասին, Եվրոպական խորհրդարանի նիստի և այնտեղ հանդես եկած պատգամավորների ելույթների մասին, որոնք ցույց են տվել մեր երկրի՝ այդ հարթակում ունեցած հաջողությունների մասին:
Պատգամավորը նշեց, որ 14 տարի պատիվ է ունեցել Հայոց բանակին ծառայելու և այսօր էլ պատրաստ է ռազմաճակատ մեկնելու, ինչպես արեցին 2016 թվականին: «Ես իմ պատրաստակամությունն եմ հայտնել որպես զինվոր ռազմաճակատ մեկնելու: Այս ընթացքում մեր պարգևավճարները փոխանցել ենք կորոնավիրուսի կանխարգելման համար. հիմա պատրաստ ենք մեր պարգևավճարները փոխանցել Զինված ուժերին և մեր զինվորներին. դրա կարիքը կա»:
Մանրամասները՝ տեսանյութում։










