Ադրբեջանի ԱԳ նախարարը հոկտեմբերի 8-ին Ժնևում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

21:01 • 07.10.20

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 8-ին Ժնևում հանդիպում կանցկացնի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին:

«ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 8-ին աշխատանքային այցով կմեկնի Ժնև: Այցի նպատակն է հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանն ավելի վաղ հայտնել էր, որ ԼՂ հակամարտության հարցով քննարկումներ են նախատեսվում հոկտեմբերի 8-ին Ժնևում և հոկտեմբերի 12-ին Մոսկվայում: Հայտնի է դարձել նաև, որ Մոսկվայում կայանալիք հանդիպմանը կմասնակցի ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 7-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 379 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3454 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 291 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։