Արցախից ժամանակավորապես տեղափոխված մեր քաղաքացիներին հիմնականում տեղավորել ենք մասնավոր սեկտորի տրամադրած կացարաններում, սննդի հարցը ևս լուծվում է քաղաքացիների աջակցությամբ․ Բաթոյան (տեսանյութ)
Արցախից այստեղ ժամանակավորապես տեղափոխված մեր քաղաքացիների տեղավորման խնդիրները լուծվում են մասնավոր սեկտորի՝ տարբեր կամավորական խմբերի կողմից, և նախարարության համակարգման միջոցով ունենք սոցիալական աջակցության շտաբ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ ներկայացնելով ռազմական դրության պայմաններում Արցախից Հայաստան տեղափոխված քաղաքացիների խնդիրները:
Նա նշեց՝ թե՛ սնունդի, թե՛ կացարանների ապահովումները տեղի են ունենում քաղաքացիների օգնությամբ: «Որպես այդպիսին՝ այս պահին լուրջ խնդիրներ չունենք, ուժերի լարվածությամբ և ներգրավվածությամբ ենք աշխատում, շնորհակալ ենք բոլորին, որոնք ընդհանրապես ջանք չեն խնայում համակարգված աջակցություն ցուցաբերելու համար»:
Նախարարության կողմից կացարաններ տրամադրելուն և այդ կառույցների՝ մեծամասամբ դատարկ լինելու մասով Բաթոյանը նշեց, որ դա քաղաքացիների ինքնաբուխ և ապակենտրոն աջակցության արդյունք է, և հավելեց՝ նախարարության կողմից տրվող կացարանները մեծամասամբ պատրաստ են քաղաքացիներ ընդունելուն:
«Մեր առաջնային խնդիրը մեր քաղաքացիների համար կենսական պայմաններ ապահովելն է՝ կացության, սնունդի, հագուստի հարցը լուծելը և սա մենք իրականացնում ենք այս պահին»,- ասաց նա և հավելեց, որ հիմնական խնդիրը կապված է Արցախից եկած քաղաքացիներին մի տեղից մյուս տեղ տեղափոխելու հետ, սակայն դրանք ևս լուծվում են ժամանակի հետ:










