Կրեմլը չի հաստատել տեղեկությունն առ այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը դուրս է եկել ԼՂ սահմաններից
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը չի հաստատում հաղորդագրություններն այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի սահմաններից դուրս է եկել, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Ոչ, այդ տեղեկատվությունը չի հաստատվում»,- նշել է Պեսկովը՝ ի պատասխան լրագրողների այն դիտարկմանը, թե հակամարտող կողմերը հայտարարում են, որ հակամարտությունը դուրս է եկել Լեռնային Ղարաբաղի սահմաններից:
Ավելի վաղ Պեսկովն ասել էր, որ Ռուսաստանը, կատարելով Հավաքական անվտանգության պայմանագրի պարտավորությունները, կարող է պաշտպանել Հայաստանին, սակայն այդ պարտավորությունները չեն տարածվում Լեռնային Ղարաբաղի վրա։
«Եթե ՀԱՊԿ անդամ երկիրը ենթարկվում է ինչ-որ ագրեսիայի, դրսից հարձակման, ապա այդ դեպքում պայմանագրի մասնակից երկրները պարտավոր են պաշտպանել այդ պետությանը»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 7-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 379 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 3454 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 331 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։










