Սա «Իսլամական պետության» ձեռագիրն է. նրանք հարվածում են մեր հոգևոր արժեքներին այն ժամանակ, երբ մենք վերականգնում ենք մզկիթները․ Պարգև Սրբազանը` Ղազանչեցոց եկեղեցուն հարվածելու մասին

15:35 • 08.10.20

Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն հարվածելու մեջ տեսնում է «Իսլամական պետության» ձեռագիրը:

«Նրանք հարվածում են մեր հոգևոր արժեքներին, այն ժամանակ, երբ մենք վերականգնում ենք մզկիթները»,- այս մասին Պարգև Սրբազանն ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում:

Ադրբեջանը հոկտեմբերի 8-ին հարվածել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 8-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 145 անօդաչու թռչող սարք, 496 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 4069 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 361 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։