Մանուկն ամուսնացած չէր, սակայն բոլորը գիտեին իր նվիրական երազանքի մասին՝ 4 որդի ունենալ, որոնք կլինեին հզոր հայրենիքի խիզախ զինվորներ. գործընկերը՝ նահատակված կամավորի մասին
Սեպտեմբերի 27-ից մինչ օրս, արդեն 12 օր ընթացող պատերազմում ադրբեջանաթուրքական հարձակումների հետևանքով նահատակված զինծառայողներից մեկը Մանուկ Թորոսյանն է՝ ծնված 1985 թվականին, որը պատերազմ էր գնացել որպես կամավոր:
Մանուկ Թորոսյանը շուրջ 14 տարի աշխատում էր «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ի «Կապ» մասնաճյուղում:
Tert.am-ի հետ զրույցում «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն ՓԲԸ-»-ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը, խոսելով գործընկերոջ մասին, պատմում է, որ Մանուկը էությամբ զուսպ, հավասարակշիռ, ընկերասեր, մարդամոտ ու հայրենասեր տղա էր: Շատերից տարբերվում էր իր նիստուկացով, մտածելակերպով և հումորով.
«Ժպտերես, կատակասեր պատրաստակամ ու լավատես Մանուկը միշտ հպարտանում էր մեր բանակով ու խիզախ զինվորով, սպայով ու գեներալով, համոզված էր, որ հենց նրանց շնորհիվ է, որ թշնամու ցանկացած հարձակում դատապարտված է լինելու ձախողման: Մանուկն ամուսնացած չէր , սակայն բոլորը գիտերն իր նվիրական երազանքի մասին՝ 4 որդի ունենալ, որոնք կլինեին հզոր հայրենիքի խիզախ զինվորներ, քանզի պատմության իսկական ու իրական կերտողները մեր զինծառայողներն են: Հավերժ փառք ձեզ հերոսներ, ննջեք խաղաղությամբ»,- նշեց Տաթևիկ Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 8-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 145 անօդաչու թռչող սարք, 496 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 4069 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 361 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։










