«Այսօր զարթնում ենք, որ վաղը գնանք, վաղը զարթնում ենք, որ մյուս օրը գնանք, մենք մեր Արցախն ենք ուզում». արցախցիներ (տեսանյութ)

20:50 • 08.10.20

Թիմերի բաժանվելուց կապ չունի արցախցի են, թե երևանցի: Շենքի մյուս երեխաների հետ հասցրել են մտերմանալ այնքան, որ արդեն գիտեն ֆուտբոլի թիմ հավաքելուց ում ընտրեն, եղբայր-բարեկամ, այս պարագայում կապ չունի:

Արցախից ժամանած փոքրիկներն արդեն մեկ շաբաթ է Երևանում են: Այստեղ ամեն ինչ լավ է, հարմարվել են, բայց անհամբեր սպասում են կրակի դադարեցմանը, որ հետ գնան հայրենի գյուղ, արդեն կարոտել են: Երևանում ամենաշատը հավանել են դպրոցը, բայց միևնույն է` անհամբեր սպասում են իրենց տներ վերադառնալուն։

«Այսօր դպրոց ենք գնացել, այստեղ դպրոցն ավելի լավն է, քան այնտեղ: Բայց չեմ ուզում մնամ, մեր գյուղ եմ ուզում գնալ»,- ասաց 10-ամյա Գարեգին Գրիգորյանը:

Նրա տատը Մարտունիում է մնացել, տղան դիրքերում է, ինքն էլ որդուն չի ուզում թողնել ու գալ, պապն էլ անասուններին չի կարող անտեր թողնել ու որոշել է չգալ Երևան: Գարեգինն էլ էր ուզում մնալ, բայց մի կերպ նստեցրին ավտոմեքենան ու բերեցին, ասում է մյուս եղբայրը: Ընտանիքի տղամարդիկ Արցախում են, ասել են՝ մի քիչ էլ սպասեք, հենց վերջանա, անձամբ ենք գալու ու հետ տանենք:

«Իմ եղբայրներն այնտեղ են, հայրիկս ու քեռիներս նույնպես: Պապայի հետ խոսել եմ, ասել է ամեն ինչ լավ է»,-ասաց 10-ամյա Գուրգեն Սաֆարյանը: 

Այս ընտանիքում նույն հարկի տակ 11 երեխա է ապրում, որոնցից 9-ը տղա են, բայց, մեկը մյուսին հոգ է տանում, մինչև ծնողները գան խանութից: Ծնողներն էլ տեղ հասնելուն պես միանգամից վերջին լուրերից են հետաքրքրվում, որ հասկանան, թե երբ են հետ գնալու:

«Հաստատ հաղթելու ենք, չենք կասկածում ու հաստատ հետ ենք գնալու: Մեր գյուղն ավելի լավն է: Մենք էնտեղ  ենք ծնվել, մեծացել: Էսօր զարթնում ենք, որ վաղը գնանք, վաղը զարթնում ենք, որ մյուս օրը գանք»,- ասաց արցախցի Ինա Սաֆարյանը:

Ընտանիքին այստեղ գրեթե ամեն ինչով օգնում են, երեխաներն էլ նոր միջավայրին են հարմարվել, բայց ֆինանսական միջոցների բացակայությունը զգացնել է տալիս: 

Մանրամասները՝ տեսանյութում։