«Ժնևյան գործընթացի» նախաշեմին հերթական անգամ ականատես եղանք Ադրբեջանի ցինիկ կեցվածքի դրսևորմանը. Կարեն Բեքարյան (տեսանյութ)

16:15 • 08.10.20

Ադրբեջանը Ժնև մեկնում է ոչ թե որպես հանցագործ՝ դատապարտվելու, այլ ինչ-ինչ պահանջներով: Եվ դրանում իրենց մեղավորությունն ունեն միջազգային հանրությունն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: Այս մասին «Տողերի արանքում» հաղորդման Արցախից հեռարձակվող հատուկ թողարկման ընթացքում նշել է վերլուծաբան Կարեն Բեքարյանը:

Այսօր Ժնևում տրվել է Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարած բանակցային գործընթացների մեկնարկը:

««Ժնևյան գործընթացի» նախաշեմին գիշերը հերթական անգամ ունեցանք Ադրբեջանի ցինիկ կեցվածքի դրսևորումը՝ խաղաղ բնակավայրերի թիրախավորումը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտի»,- ասել է Բեքարյանը՝ Ստեփանակերտում փլատակների մոտ արված տեսանկարահանման ընթացքում:

Նա նշել է, որ այս ամենի հետ մեկտեղ Ադրբեջանը հոխորտում է բանակցություններից առաջ՝ ակնկալելով որոշակի աջակցություն միջազգային հանրությունից և ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներից:

«Ադրբեջանը Ժնև մեկնում է ոչ թե որպես հանցագործ՝ դատապարտվելու, այլ ինչ-ինչ պահանջներով: Արդյո՞ք այս ամենում իրենց որոշակի դերակատարումը չունեն նույն միջազգային հանրության ներկայացուցիչներն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչները՝ իրենց լռությամբ, իրենց լղոզված և անատամ տեքստերով»,- ասել է նա:

Կարեն Բեքարյանն ընդգծել է, որ բանակցությունների նախաշեմին այս ամենն արվում է այն մարդկանց, այն քաղաքի նկատմամբ, որոնք Ալիևը տարբեր հարթակներում անվանում է իր տարածքն ու իր քաղաքացիները:

Մանրամասները` տեսանյութում: