Ադրբեջանը խորհրդակցությունների համար հետ է կանչել Հունաստանում իր դեսպանին

15:54 • 08.10.20

Ադրբեջանը խորհրդակցությունների նպատակով հետ է կանչել Հունաստանում իր դեսպանին, ինչը պայմանավորված է Լեռնային Ղարաբաղում մարտական գործողություններին այդ երկրի քաղաքացիների մասնակցության մասին հաղորդագրությունների տարածմամբ:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունն Ադրբեջանի ԱԳՆ-ին հղումով:

«Ադրբեջանական կողմը Հունաստանի ԱԳՆ-ին տեղեկացրել է բաց աղբյուրներից ստացված հաղորդագրությունների մասին, որ Ադրբեջանի «շրջափակված» (չակերտները-Tert.am) տարածքներ են ժամանել օտարերկրյա քաղաքացիներ, այդ թվում՝ հայկական ծագում ունեցող հույն քաղաքացիներ՝ մարտական գործողություններին մասնակցելու համար և դիմել է հակառակ կողմին՝ համապատասխան հետաքննություն անցկացնելու խնդրանքով: Այնուհետև, Հունաստանի կողմից իր դեսպանին խորհրդակցությունների համար հետ կանչելու որոշման կապակցությամբ Հունաստանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանը կանչվել է Բաքու խորհրդակցությունների համար», - ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Նախօրեին հաղորդվել էր, որ Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի որոշման համաձայն՝ Աթենքը խորհրդակցությունների համար հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպան Նիկոլաոս Պիպերիգոսին։

«Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը հոկտեմբերի 6-ին Հունաստանում Ադրբեջանի դեսպանին խիստ դժգոհություն է հայտնել Ադրբեջանի կառավարության բացարձակապես անհիմն և վիրավորական պնդումների վերաբերյալ առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանակներում Հունաստանի տարածքից հաքերային հարվածներ են իրականացվում Ադրբեջանի դեմ, ահաբեկիչ - զինյալների հավաքագրման ջանքեր են իրականացվում և որ ենթադրաբար Հունական պետությունը հանդուրժողականություն է ցուցաբերում ահաբեկչական գործողությունների նախապատրաստման հարցում։ Ի շարունակություն դժգոհության հայտարարությանը՝ Հունաստանի Արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի որոշման համաձայն Ադրբեջանում Հունաստանի դեսպան Ն. Պիպերիգոսը հետ է կանչվել Աթենք խորհրդակցությունների համար»,- ասված էր Հունաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 8-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 145 անօդաչու թռչող սարք, 496 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 4069 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 361 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։