Ստեփանակերտը կրկին հրթիռակոծվում է. Արցախի ԱԺ նախագահի խորհրդական (լուսանկար)

03:26 • 08.10.20

Հակառակորդը կրկին հրթիռակոծում է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը: Այս մասին թվիթերյան իր էջում հայտնում է Արցախի Ազգային ժողովի նախագահի խորհրդական Անուշ Ղավալյանը: 

«Հենց հիմա մենք հրթիռակոծության տակ ենք: Ադրբեջանը ծանր հրթիռներով գնդակոծում է Ստեփանակերտը»,-նշել է Անուշ Ղավալյանը 1:37-ին: 

Նա իր գրառման մեջ հավելել է, որ հնչում է օդային տագնապի ազդանշանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 7-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 379 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3454 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 331 զոհ:

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։