Այս պահին համառ մարտեր են ընթանում հատկապես հարավային ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)
Այսօր առավոտվանից Ադրբեջանի զինված ուժերը վերսկսկել են հարձակողական գործողությունները ինչպես հյուսիսային, այնպես էլ հարավային ուղղությամբ. հարավային ուղղությամբ նախաձեռնել են ավելի մեծ ուժերով և ավելի սատիկ հարձակում: Այս մասին Միասնական տեղեկատվական կենտրոնի Գորիսի շտաբում կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Հայկական զինված ուժերը պատասխան կրակով ոչնչացրել են զգալի թվով կենդանի ուժ, զրահատեխնիկա և այլ միջոցներ՝ հակառակորդին հետ շպրտելով ելման բնագծերը: Այս պահի դրությամբ համառ մարտեր են ընթանում հատկապես հարավային ուղղությամբ»,-մանրամասնեց նա:
Ամփոփելով ադրբեջանական ագրեսորների հարվածները քաղաքացիական բնակչությանը միայն Արցախում՝ Հովհաննիսյանը նշեց, թե առկա է հետևյալ պատկերը:
«Ընդհանուր առմամբ կա 93 վիրավոր, որոնցից 20-ը՝ թեթև կամ միջին ծանրության, մյուսները՝ ծանր: Կա 20 զոհված՝ բացի ՀՀ տարածքում՝ 1 զոհը: Հիմնովին կամ մասնակի ավերվել է 4600 անշարժ գույք, շարքից դուրս է եկել 430 մասնավոր շարժական գույք, 750 տարբեր տեսակի ենթակառուցվածքներ, հանրային օբյեկտներ»,-ասաց նա՝ նշելով, թե այս տվյալներում ամփոփված չեն երեկ գիշերվա և այսօրվա ցուցանիշները:
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը հանձնել է»՝ դրանով ստիպելով որոշ մարտական դիրքեր թողնել, Հովհաննիսյանն ասաց, թե դրանք տեղեկություններ են, որոնց ինքը չի տիրապետում, իսկ դիտարկմանը, թե ըստ Փաշինյանի՝ սահմանի այլ հատվածներում ևս կան նմանատիպ դեպքեր, ՊՆ ներկայացուցիչն արձագանքեց, որ ոչինչ չի բացառում:
«Պատերազմների ժամանակ, ցավոք, հերոսությունների, մեր դեպքում՝ մասսայական հերոսությունների կողքին լինում են նաև դավաճանություններ: Ցավոք, պատերազմում դրանք անխուսափելի բաներ են: Կարևորը՝ ռազմավարական կառավարման համակարգը կարողանում է իրավիճակին տիրապետել, թերությունները շտկել և առաջ գնալ»,-ասաց նա:
Անդրադառնալով Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրետակոծություններին, որոնցից երկրորդի ժամանակ վիրավորվել են նաև լրագրողներ, Հովհաննիսյանն ասաց, թե նրանցից մեկի վիճակը ծանր է, մանրամասն տվյալներ կհայտնեն: Հարցին՝ հայկական կողմը դրան պատասխան հարված կտա՞, Հովհաննիսյանն արձագանքեց, թե հայկական կողմից մշակութային կոթողներին հարված չի եղել և չի լինելու: «Մենք դարերով ապրում ենք այստեղ ու գիտենք նրանց ձեռագիրը, գործերը: Ուզում ենք՝ աշխարհն էլ այդ մասին իմանա»,-ասաց նա:
Անդրադառնալով վիրավորված զինծառայողներին՝ Հովհաննիսյանն ասաց, թե նրանց մոտ 30 տոկոսը 24 ժամվա ընթացքում, ստանալով համապատասխան բուժօգնություն, վերադառնում է շարք:
Դիտարկմանը, թե տեղեկություններ են տարածվում, որ ադրբեջանական կողմում հայ գերի կա, Հովհաննիսյանն արձագանքեց, թե հստակ տեղեկություններ չունի, բայց ինտենսիվ մարտական գործողությունների պայմաններում շատ հաճախ գերի ունենալու հավանականությունը բացառված չէ:
Հարցին՝ տեղեկություններ կա՞ն, թե հակառակորդի սպառազինության մեջ որքա՞նն է Ադրբեջանինը, որքա՞նը՝ Թուրքիայինը, Հովհաննիսյանն ասաց՝ կան նման տեղեկություններ. «Մեծ մասը ադրբեջանական սպառազինություն է՝ խորհրդային ռուսական արտադրության, որից նաև օգտվում ենք մենք, որոշակի տոկոս պատկանում է իսրայելական սպառազինությանը, այդ նույն ոլորտում կա նաև թուրքական հետքը»,-ասաց նա:










