ՌԴ վարչապետն ադրբեջանցի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում կարևորել է Արցախում իրավիճակի շուտափույթ կայունացումն ու բանակցային գործընթացի վերականգնումը

19:44 • 08.10.20

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ հեռախոսազրուցյում ընդգծել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի շուտափույթ կայունացման և բանակցային գործընթացի վերականգնման կարևորությունը: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ՌԴ կառավարության մամլո ծառայությանը: 

«Միխայիլ Միշուստինն ընդգծել է ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի շուտափույթ կարգավորման, մարտական գործողությունների դադարեցման և իրավիճակի քաղաքական-դիվանագիտական կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացի վերականգնման կարևորությունը: Կողմերն ընդգծել են Անդրկովկասի տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանման անհրաժեշտությունը»,- ասվում է հայտարարության մեջ:  

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 8-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 145 անօդաչու թռչող սարք, 496 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 4069 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 361 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։