Ստեփանակերտում վիրահատում են Ադրբեջանի ռմբակոծությունից տուժած ռուս լրագրողին (տեսանյութ)
Հայկական միասնական տեղեկատվական շտաբը տեսանյութ է հրապարակել հիվանդանոցից, որտեղ վիրահատում են Շուշիում Ադրբեջանի ռմբակոծությունից տուժած ռուս լրագրողին։
Հիշեցնենք, որ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու մոտ այսօր ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են արտասահմանցի լրագրողներ, որոնցից մեկի վիճակը ծանր է։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով այսօր վնասվել է նաև Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 8-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 145 անօդաչու թռչող սարք, 496 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 4069 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 361 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։










