ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններն ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև համագործակցության օրինակ են. Օբրայեն

02:39 • 08.10.20

ԱՄՆ նախագահի` ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օբրայենը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացն ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև համագործակցության օրինակ է, հաղորդում է ТАСС-ը:

«ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև խորքային տարբերություններ կան։ Բայց անգամ այդ պայմաններում ոլորտներ կան, որտեղ մենք կարող ենք աշխատել Ռուսաստանի հետ: Օրինակ՝ ղարաբաղյան հակամարտությունը, որի դեպքում մենք նույն կողմում ենք՝ համանախագահելով ԵԱՀԿ Մինսկի խմբում և փորձելով խաղաղություն հաստատել կովկասյան տարածաշրջանում»,- նշել է Օբրայենը:

Թրամփի խորհրդականն ասել է նաեւ, որ ամերիկյան կողմը շահագրգռված է համագործակցել Ռուսաստանի հետ սպառազինության վերահսկման բնագավառում: