ԱՄՆ-ն հաստատել է, որ կմասնակցի Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի քննարկումներին
Միացյալ Նահանգները մտադիր է մասնակցել Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով կայանալիք հանդիպումներին: Այս մասին ТАСС գործակալությանը հայտնել են ԱՄՆ Պետքարտուղարությունից:
«ԱՄՆ-ն որպես համանախագահ կմասնակցի հանդիպումներին, որոնք անցկացվելու են ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո»,- ասել է ամերիկյան արտաքին քաղաքականության գերատեսչության աշխատակիցը՝ մենկաբանելով Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանի հայտարարությունը:
Վերջինս հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններ են տեղի ունենալու հոկտեմբերի 8-ին Ժնևում, ինչպես նաև հոկտեմբերի 12-ին Մոսկվայում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 8-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 145 անօդաչու թռչող սարք, 496 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 4069 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 361 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։










