Յուտայի հայ համայնքը ԱՄՆ-ից պահանջում է քայլեր անել՝ կանգնեցնելու Ադրբեջանի հարձակումները Արցախի դեմ. ABC4 News-ի անդրադարձը

21:37 • 08.10.20

Ամերիկյան Յուտա նահանգի հայկական համայնքի ներկայացուցիչներն ու նրանց աջակիցները չորեքշաբթի հավաքվել էին Յուտայի համալսարանի մոտ՝ իրենց ուղերձը հայտնելով և բողոքի ձայնը բարձրացնելով ադրբեջանական հարձակումների դեմ:

Ինչպես գրում է ABC4 News-ը, ցույցի մասնակիցները հստակ պահանջ են ներկայացրել՝ ԱՄՆ ղեկավարությանը կոչ անելով շուտափույթ քայլեր ձեռնարկել՝ վերջ դնելու Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական հարձակումներին:

«Երգերով ու դրոշներով նրանք դիմել են երկրի և նահանգի ղեկավարներին՝ միջամտելու և Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը լուծել օգնելու խնդրանքով»,- գրում է պարբերականը: 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 8-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 145 անօդաչու թռչող սարք, 496 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 4069 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 361 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։