Լրագրողների պաշտպանության կոմիտեն կոչ է անում ապահովել ԼՂ հակամարտության գոտում աշխատող ԶԼՄ ներկայացուցիչների անվտանգությունը

05:55 • 09.10.20

Լրագրողների պաշտպանության կոմիտեն Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններին կոչ է արել ապահովել ԼՂ հակամարտության գոտում աշխատող ԶԼՄ ներկայացուցիչների անվտանգությունը, հաղորդում է ТАСС-ը:

«Ադրբեջանն ու Հայաստանը պարտավոր են թույլ տալ հակամարտության գոտում աշխատող լրագրողներին առանց խոչընդոտների ռեպորտաժներ պատրաստել: Կողմերը պետք է հետաքննեն գրանցված վերջին միջադեպը, որի հետևանքով երկու լրագրող է վիրավորվել»,- նշված է կազմակերպության տարածած հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի զինուժը կրկին ռմբակոծել է Շուշիի կենտրոնում գտնվող Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարը, որի հետևանքով վիրավորվել և մարմնական վնասվածքներ են ստացել օրվա առաջին կեսին նույն տաճարի ռմբակոծման հետևանքները լուսաբանելու նպատակով տեղում գտնվող օտարերկրացի լրագրողներ Յուրի Կոտյոնոկը, որի վիճակը գնահատվում է ծանր, Լևոն Արզանովը և նրանց ուղեկցող խմբի անդամ Հրանտ Բալադյանը:

Սա Ադրբեջանի կողմից Արցախում իրենց աշխատանքն իրականացնող լրագրողներին թիրախավորելու առաջին փորձը չէ. օրեր առաջ էլ հակառակորդի հրետակոծության ու հրթիռակոծության տակ էին հայտնվել թե տեղական, թե արտասահմանյան լրատվամիջոցների մի շարք ներկայացուցիչներ, որոնցից մի քանիսը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էին ստացել, այդ թվում՝ ֆրանսիական «Լը մոնդ» պարբերականի լրագրողներից մեկը, որի կյանքը բժիշկներին հաջողվել էր փրկել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 8-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 145 անօդաչու թռչող սարք, 496 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 4069 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 361 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։