Ինչպես Ռուսաստանին հաջողվեց ղարաբաղյան ավանտյուրայում հաղթել Թուրքիային. Репортер

10:54 • 09.10.20

Բաքվի ձեռքերով Լեռնային Ղարաբաղում «հակահարձակողական» գործողությունը սկսելով՝ Անկարան բլիցկրիգի (կայծակնային պատերազմ) հույս ուներ. խոսքն ուժգին հարվածների շարքի մասին է, որոնք հակամարտող կողմերից մեկին հաջողություն են բերում՝ հակառակորդին զրկելով դիմադրության կամքից, բարոյազրկելով նրա բանակը և բնակչությանը: Սակայն բլիցկրիգ տեղի չունեցավ. հայկական «Արցախ ամրոցը» դիմադրում է՝ կատաղորեն հակահարված տալով, թեև որոշ վայրերում նրա պատերը քանդվել են և լղոզվել ադրեբջանցի զինվորների արյունով, գրում է topcor.ru կայքը:

Որոշ փորձագետներ շտապեցին ժամանակից շուտ հայտարարել Անդրկովկասի համար մրցակցությունում Ռուսաստանի նկատմմաբ Թուրքիայի հաղթանակի մասին, սակայն ինչով են հիմնված նրանց եզրակացությունները, այդքան էլ պարզ չէ: Ընդ որում, Մոսկվան Լեռնային Ղարաբաղի պատերազմին ընդհանրապես չի մասնակցել: ՌԴ-ն հետևում էր իրադարձություններին՝ կողմերից ոչ մեկի կողմը չընդունելով և միևնույն ժամանակ օգտվելով միջնորդի դերից:

Անկարայի համար սա արդեն 3-րդ հակամարտությունն է, որում նա թեկուզ և անուղղակիորեն, սակայն մասնակցում է՝ կրելով նյութական և այլ վնասներ: Պատերազմները Լիբիայում, Սիրիայում և այժմ էլ Ադրբեջանին աջակցությունը բավականին ծանր են թեև հզոր, սակայն ոչ ամենահարուստ երկրի բյուջեի համար: Թուրքիայի տնտեսությունը կարող է դրան չդիմանալ, ինչի պատճառով կսկսվեն ներքաղաքական բնույթի խնդիրներ, և Անկարայի համար ժամանակ չի լինի զբաղվել իր ազդեցության ոլորտներն ընդլայնելով:

Թուրքիայի նախագահ Էրդողանն իրեն թուրքական պետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքից ավելի կարևոր առաջնորդ է երևակայում: Նա որոշել է պատմական ռևանշ իրականացնել և վերստեղծել Օսմանյան կայսրությունը՝ սկսելով ընդլայնվել Արևելյան Միջերկրականում:

Այս նախագծերը դուր չեն գալիս նույնիսկ ՆԱՏՕ-ի շրջանակում Թուրքիայի դաշնակիցներին: Ձևավորվել է մի ամբողջ հակաթուրքական միություն 9 երկրներից՝ Ֆրանսիա, Իտալիա, Հունաստան, Կիպրոս, Իսրայել, Եգիպտոս, Սաուդյան Արաբիա, ԱՄԷ և Բահրեյն: Եվ դա դեռ չհաշված Լիբիայի ազգային բանակը, պաշտոնական Դամասկոսը և քրդերը:

Թիրախավորելով Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը՝ Թուրքիան կարող է փչացնել իր հարաբերությունները Ռուսաստանի և Իրանի հետ, ինչպես նաև կորցնել ԱՄՆ-ի վստահության մնացորդները: Վաշինգտոնն ինքն է ցանկանում դուրս հանել Մոսկվային Անդրկովկասից, սակայն չի ցանկանում ներս թողնել այնտեղ Անկարային:

Թուրքիան կարող է մնալ գրեթե ամբողջական մեկուսացման մեջ և շատ արագ կարող է սկսել դեգրադացվել: Նա ստիպված կլինի նահանջել բոլոր ճակատներում և զիջումների գնալ ինչպես Արևմուտքին, այնպես էլ Մոսկվային: Ռուսաստանին ղարաբաղյան հակամարտության մեջ ներքաշելու և Սիրիայից և Լիբիայից նրա ուշադրությունը շեղելու Անկարայի փորձերը հաջողություն չունեցան, «հակահարձակումը խեղդվեց», իսկ դա նշանակում է Կրեմլին հաջողվեց հաղթել Էրդողանին: ԼՂ-ում մարտերի ինտենսիվությունը նվազել է և մոտ ժամանակում պետք է կայանան բանակցություններ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 8-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 145 անօդաչու թռչող սարք, 496 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1
«Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 4069 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 361 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։