«Էրդողանը հույս ունի, որ Կովկասում հերթական արկածախնդրությունը երկիրը կմիավորի իր թիկունքում և հասարակությանը կշեղի աճող աղքատությունից»․ տնտեսագետ Ֆելիքս Շմիդտ

14:04 • 13.10.20

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս ունի, որ Կովկասում հերթական արկածախնդրությունը երկիրը կմիավորի իր թիկունքում և թուրքերին կշեղի իրենց հայրենակիցների շրջանում աճող աղքատությունից, International Politics and Society Journal-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայում Friedrich-Ebert-Stiftung հիմնադրամի ներկայացուցիչ, տնտեսագետ Ֆելիքս Շմիդտը։

Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը Թուրքիային ներգրավվածությանը` Շմիդտը նշել է, որ Թուրքիան Ադրբեջանին համարում է իր մերձավոր դաշնակիցը։  Էրդողանն այդ երկու երկրները հաճախ անվանում է «մեկ ազգ, երկու պետություն» և երկու դաշնակից պետությունները, որոնք վերջին տարիներին անշեղորեն մեծացնում էին իրենց ռազմական համագործակցությունը, իսկ հիմա Լեռնային Ղարաբաղում ցանկանում են ռազմական լուծում պարտադրել։

Խոսելով Սիրիայում, ապա Լիբիայում, բոլորովին վերջերս՝ Միջերկրական ծովի արևելյան մասում, իսկ այժմ՝ Կովկասում ընթացող հակամարտություններին Թուրքիայի ներգրավվածության մասին՝ Շմիդտը նշել է, որ «Թուրքիան ավելի ու ավելի է իրեն դիտարկում որպես տարածաշրջանային հեգեմոն տերություն, որն իր շահերն ապահովում է հուսալի ռազմական միջոցներով»։

«Չնայած, որ նրա միջամտությունները տարբեր հակամարտություններին տարբեր դրդապատճառներ ունեին, ներառյալ Թուրքիայի տնտեսական շահերի՝ նավթի և գազի պաշտպանությունը և անվտանգության շահերը, թուրքական ազգայնականության աճը նույնպես որոշակի դեր է խաղում։ Էրդողանը ազատ չէ ինքնուրույն որոշումներ կայացնելու հարցում։ Նա պետք է հաշվի առնի կոալիցիայում իր ծայրահեղ աջակողմյան գործընկեր «Ազգայնական շարժում» կուսակցությանը, որի նախագահ Դևլեթ Բահչելին Էրդողանին անընդհատ դրդում է ավելի ագրեսիվ գործողությունների»,- հայտնել է նա։

Շմիդտը նաև ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն Էրդողանի միջամտության մեկ այլ պատճառ է Թուրքիայում խորացող տնտեսական ճգնաժամը:

«Էրդողանը հույս ունի, որ հերթական արտասահմանյան արկածախնդրությունը երկիրը կմիավորի իր թիկունքում և թուրքերին կշեղի հանրության շրջանում աճող աղքատությունից: Էրդողանը ստանում է այն, ինչ ցանկանում է. Կովկասում հակամարտությունը ազգայնականության պոռթկում է առաջացրել թուրքերի մոտ, որոնք ընդհանուր առմամբ աջակցում են Ադրբեջանին»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 13-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 18 ինքնաթիռ, 173 անօդաչու թռչող սարք, 521 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 5139 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 532 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 25 քաղաքացիական անձ, վիրավորվել է 102 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։