Վարձկան ահաբեկիչներն արհեստավարժ կռվողներ չեն, նրանք վախկոտ են, մարտի են գնում ոհմակով՝ թմրանյութի ազդեցության տակ. Վազգեն Սիսլյան (տեսանյութ)
Ադրբեջանի կամ Թուրքիայի նպատակները մեզ հայտնի են, նրանց քաղաքականությունը պարզ է՝ հարվածել մեզ, երբ անգամ հրադադար է. Ադրբեջանն այսօր Արցախի քաղաքներն է ռմբակոծում, մեր խաղաղ բնակիչներին է ոչնչացնում, և զարմանալի է քաղաքակիրթ աշխարհի կեցվածքը կամ երկու կողմին ուղղված նրանց անբարո կոչերը: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) անդամ, «Վան» գործողության ղեկավար Վազգեն Սիսլյանը:
«Մեր ամբողջ ժողովուրդն այսօր բանակ է: Սա ամենալայնածավալ պատերազմն է 1994-ից ի վեր: Ադրբեջանն ու Թուրքիան ուզում են ոչնչացնել Արցախը, դատարկել մեր գյուղերն ու քաղաքները: Մարդասիրական Եվրոպան մեզ մարդու իրավունքներ է սովորեցնում, բայց չի տեսնում՝ ինչ է կատարվում այսօր Արցախում»,- ասել է ազատամարտիկը:
Ըստ Սիսլյանի՝ Թուրքիայի ուղղորդմամբ Ադրբեջան մեկնող վարձկան ահաբեկիչներն արհեստավարժ կռվողներ չեն, նրանց հավաքագրում են փախստականների ճամբարներից. «Այդ ահաբեկիչները զգացին հայ մարտիկի բազկի ուժը: Նրանք վախկոտ են, ոհմակներով են կռվի գնում`թմրանյութի ազդեցության տակ, ձայնագրություններն ապացուցում են դա: Այսքան բանից հետո միջազգային հանրությունը դեռ ապացույցներ է ուզում: Մեր բանակը պատերազմում է ոչ միայն Ադրբեջանի, այլև նեոօսմանական կայսրության դեմ, ինչից վառվելու է ամբողջ տարածաշրջանը»:
Ռազմական գործչի կարծիքով՝ չի կարելի վստահել Թուրքիային, այդ պետության նպատակը նույնն է՝ ոչնչացնել, աշխարհի երեսից ջնջել հայ ժողովրդին. «Այս պատերազմում Ադրբեջանը Թուրքիայի պատանդն է, օդուժը՝ ինքնաթիռներն ու ԱԹՍ-ները, ղեկավարվում է Թուրքիայից: Ե՛վ թուրքական սպայակույտը, և՛ ցամաքային զորքերը, շարասյուներն Ադրբեջանում են: Ռուսաստանն ու Իրանը պիտի մտահոգվեն, ինչ-որ բան անեն, նրանց քայլերը դեռևս սպասողական են: Այսօր Արցախը միայնակ պայքարում է միջազգային ահաբեկչության դեմ: Թուրքիան ահաբեկչական պետություն է»:
Վազգեն Սիսլյանի պնդմամբ՝ մինչ ԱՄՆ-ն պայքարում է «Իսլամական պետության» դեմ, ահաբեկիչները Թուրքիայի ուղղորդմամբ գործում են Սիրիայի, Լիբիայի, հիմա արդեն՝ Ադրբեջանի տարածքում. «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ վառոդի տակառի վրա գտնվող Ադրբեջանը շուտ պայթեցնենք: Այդ երկիրը երբևէ չի կարող տիրանալ Արցախին: Ազգային փոքրամասնությունների հետ է պետք աշխատել, իրենք ներսում խնդիրներ ունեն, որոշ տեղերում ըմբոստանում են, չեն ուզում իրենց որդիներին ուղարկել ճակատ: Եկել են, պիտի ջարդվեն ու հետ մղվեն»:
Ազատամարտիկի պնդմամբ՝ կարևոր է մեր դիվանագիտական կորպուսի աշխատանքը, հասունացել է Արցախի ճանաչման պահը: «Ե՛վ մենք, և՛ միջազգային հանրությունը պետք է ճանաչենք Արցախը, այս պատերազմն է բերել դրան: Մեր վերջնական հաղթանակը դա է լինելու: Մենք պետք է Արցախի բնակչությունը հասցնենք կես միլիոնի: Հաղթում ենք 150 հազարանոց բնակչությամբ Արցախով, կես միլիոնով այն ավելի կամրապնդի իր հաղթանակը»,- ամփոփել է ռազմական գործիչը:
Դավիթ Սարգսյան










