ԼՂ հակամարտությանը խառնվելն Էրդողանի նեոօսմանյան ռազմավարության հերթական փուլն է. Atlántico
Լեռնային Ղարաբաղում բախումների վերսկսումից հետո միջազգային հանրությունը փորձում է գուշակել Թուրքիայի ձգտումներն այս հակամարտությունում, որում մինչև վերջին ժամանակներն Անկարան զուսպ դիրքորոշում ուներ: 2019թ. վերջին 2020թ. սկզբին Լիբիայում միջամտությունը, Արևելյան Միջերկրականում ռեսուրսների հետախուզումը՝ չնայած Հունաստանի և ՆԱՏՕ-ի այլ երկրների հետ հարաբերությունների լարվածության ռիսկին, գրեթե անթաքույց աջակցությունը Բաքվին, այս ամենը Թուրքիայի՝ էներգետիկ անկախության հասնելու և ուժերը հաստատելու գլոբալ ռազմավարության մի մասն են, գրում է ֆրանսիական Atlántico-ն:
«Թուրքիայի՝ մի քանի տարի շարունակ նկատվող դիվանագիտական և ռազմական գերակտիվությունն օսմանյան խալիֆայությունը վերստեղծելու Էրդողանի ձգտման անմիջական արտացոլումն է: Էրդողանը ներկայանում է որպես Աթաթուրքի հակապատկերը, որը ձգտում էր երկիրը վերածել ժամանակակից ազգի: Նախագահն երկրի հզորությունը դիտարկում է բացառապես ազգի առաքելական գաղափարի միջոցով, որը պետք է իր ետևից տանի արաբա-մուսուլմանական սունիական աշխարհը»,-գրում է պարբերականը:
Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի միջամտությունն այդ երկրի գլոբալ ռազմավարության վերջին արտացոլումն է: Ադրբեջանին հատկացված քաղաքական և ռազմական օգնությունը համընկնում է թուրք ուլտրաազգայնականների՝ բոլոր թյուրքալեզու ժողովուրդներին մի պետության ներքո միավորելու գաղափարի հետ: Այդ ժողովուրդներն այսօր ապրում են Կովկասի և Միջին Ասիայի նախկին խորհրդային շատ հանրապետություններում: Նրանց են պատկանում նաև ադրբեջանցիները, որոնք ապրում են Ադրբեջանում և Իրանում: Պանթյուրքերն այդ լայն էթնիկ լեզվային կայսրությունն անվանում են Թուրան:
Այս բոլոր աշխարհաքաղաքական և մշակութային իրադարձությունների պատճառով Իրանն անհանգստությամբ է հետևում դեպի իր սահմանները թուրքական ընդլայնմանը: Պաշտոնապես Իրանը չեզոք է Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ, սակայն ոչ պաշտոնապես այն ավելի մոտ է Երևանին և լոգիստիկ աջակցություն է ցուցաբերում:
Թեհրանը պաբերաբար կոչ է անում դադարեցնել մարտական գործողությունները և սպառնում է Թուրքիային պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե նա չդադարի իր սահմաններին մոտ ուղարկել արտասահմանցի գրոհայիններին, «ահաբեկիչներին, որոնցով «Իսլամական պետությունը» կռվում էր Սիրիայում»: Ընդհանուր առմամբ, Իրանը դժվար իրավիճակում է հայտնվել իր ադրբեջանական փոքրամասնության պատճառով, որն աջակցում է Բաքվին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 13-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 18 ինքնաթիռ, 173 անօդաչու թռչող սարք, 521 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 5139 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 532 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 25 քաղաքացիական անձ, վիրավորվել է 102 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։










