Սիրիայից թուրքական Քիլիս քաղաք բերված վարձկանները անցած օրերի ընթացքում ենթարկվել են կտտանքների ու անմարդկային տանջանքների, քանի որ հրաժարվել են մեկնել Ադրբեջան. Գասպարյան (տեսանյութ)
Միջազգային հանրությունը շարունակում է տատանվել, ապացույցների որոնումների մեջ է, թե արդյոք վարձկաններն իրապես կռվում են Ադրբեջանում՝ ընդդեմ Արցախի: Այս մասին «Արմնյուզ» ՀԸ «Երեկոյան լուրեր՝ Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման հերթական թողարկման ընթացքում նշեց Գասպարյանը:
«Թուրքիան շարունակում է հակամարտության գոտի տեղափոխել Սիրիայում և Լիբիայում կռված ահաբեկչական խմբավորումների գրոհայինների: Տեռորիստական խմբավորումների ներքին տարբեր աղբյուրները վկայում են, որ Արցախի հետ սահմանին անցած 15 օրում ավելի քան 400 վարձկան է սպանվել»,- նշել է Գասպարյանը և անդրադարձել Թուրքիայի Քիլիս քաղաքին, որտեղ, ըստ նրա, բերում են վարձկաններին, տալիս հանձնարարականներ, հետո ուղարկում թիրախային կետեր:
«Քիլիս են բերում Սիրիայի Իդլիբի նահանգից, որը Թուրքիայի հսկողության տակ է: Անցած մի քանի օրվա ընթացքում, վարձկաններն այստեղ ենթարկվել են կտտանքների ու անմարդկային տանջանքների՝ մեկ պատճառով. հրաժարվել են մեկնել Ադրբեջան, ցանկացել են վերադառնալ Սիրիա՝ հենց իմացել են Արցախում իրենց մարտական ընկերների գլխին եկածը: Համզեներ, Մոթասիմներ, Աշմաթներ խմբավորումները, որոնք զբաղվում են այդ բիոզանգվածի մարտական պատրաստությամբ, բոլորի ձեռքից խլել են հեռախոսները, բանտարկել նրանց, սպառնացել՝ սպանել»,- ընդգծել է Աբրահամ Գասպարյանը և հավելել, որ նրանց մի մասին խաբել են՝ ասելով, որ տանում են Լիբիա, սակայն տարել են Ադրբեջան:
Գասպարյանի դիտարկմամբ՝ տարբեր հաշվարկներով արցախա-ադրբեջանական այս պատերազմի ընթացքում Թուրքիան 7 հազար վարձկանի է հետ կանչել Լիբիայից, որպեսզի նրանց հասցնի Ադրբեջան: «Ժողովրդավարություն ու մարդու իրավունքներ քարոզող պետություններ՝ լսեք ինձ, 7 հազար վարձկան գալիս է Հարավային Կովկասը տեռորիզմի օջախ դարձնելու: Տափակ քարոզներ կարդալու փոխարեն, ամբիոններից անհասցե կոչեր անելու փոխարեն՝ եկեք, մեր կողքին կանգնեք ու վերացրեք այդ չարիքը: Արցախը նրանց համար գերեզման է դառնալու, բայց ով հասցրեց ու փախավ այստեղից, վստահեցնում եմ ձեզ, նորից Սիրիա կամ Թուրքիա չի գնալու, դուք գուցե դասագրքային ճշմարտությունների տակ եք մնացել, տեսական մի երկու բան եք կարդացել կամ լսել, իմ վերլուծություններն ու փաստական տվյալները ձեզ ավելի օգուտ կտան, դրանք տեսական չեն, կիրառական ու հավաստի գիտելիք են, հավատացնում եմ ձեզ, հետո չփոշմանեք»,- նշել է նա և հավելել՝ խոսքը վերաբերում է նաև ՆԱՏՕ-ին, որի գլխավոր քարտուղարն անցած շաբաթ Թուրքիայում էր և գոհունակություն հայտնեց իրենց դաշնակցի պահվածքի վերաբերյալ:
«Հարգարժան պրն Ստոլտենբերգ, ՆԱՏՕ-ի շահերից է բխում գործակցել Ռուսաստանի հետ գոնե այս փուլում: Թուրքիային աջակցելով՝ Հարավային Կովկասը վերածում եք վտանգավոր օջախի: Եթե անվտանգությունն այստեղ դառնա փխրուն, դոմինոյի էֆեկտով մտնելու է ձեր ազդեցության գոտիներ, ինչը, չեմ կարծում, որ բխում է գլոբալ անվտանգության շահերից: Չե՞ք հավատում, որ վարձկանները կռվում են այստեղ: Հիմա ձեզ կարդամ այն վարձկանների անունները, որոնք Թուրքիայի Քիլիս քաղաքում ենթարկվել են կտտանքների, քանի որ չեն ենթարկվել Ադրբեջան մեկնելու հրահանգին: Լիբիայի Միսրատա քաղաքից վարձկանների տեղափոխումը դեպի Թուրքիա շատ խորհրդապահական պայմաններում է իրականացվում: Չվերթները փակ են, տվյալներ չեն հաղորդվում...ըստ եգիպտոսյան տվյալների՝ Միսրատայից վարձկանները տեղափոխվում են թուրքական և քաթարական, կամ էլ՝ աֆրիկյան ոչ այնքան հայտնի ավիաընկերությունների միջոցով: Հիմնականում գրանցում են Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիից դեպի Ստամբուլ չվերթները, բայց Միսրատայից՝ ոչ հաճախ»,- մանրամասնել է Գասպարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Ամբողջական թողարկումը՝ ստորև










