Հունաստանը հրաժարվում է բանակցել Թուրքիայի հետ, քանի դեռ թուրքական հետազոտական նավը չի հեռացվել Միջերկրական ծովի արևելյան հատվածից
Հունաստանը հայտարարել է, որ չի պատրաստվում Միջերկրական ծովի արևելյան հատվածներում հետազոտությունների իրականացման շուրջ բանակցություններ վարել Թուրքիայի հետ, քանի դեռ թուրքական Oruc Reis նավը շարունակում է իր ջրային տարածքում մնալ, գրում է english.alarabiya.net կայքը՝ հղում տալով երկրի կառավարության մամուլի խոսնակ Ստելիոն Պետսասի հայտարարությանը:
«Բանակցությունների համար կապ չենք հաստատի Թուրքիայի հետ, քանի դեռ Oruc Reis նավն այս տարածքում է»,- նշել է Պետսասը:
Հիշեցնենք, որ Թուրքիան նախօրեին հայտարարել է, որ կրկին պատրաստվում է հետազոտական նավ ուղարկել Միջերկրական ծովի`Հունաստանին հարակից էներգետիկ պաշարներով հարուստ արևելյան հատվածներ:
Թուրքական նավատորմը Navtex-ին ուղարկած նոր ծանուցագրով տեղեկացրել է, որ Oruc Reis նավը տարածաշրջանում, այդ թվում՝ հունական Կաստելորիզո կղզում հետազոտական աշխատանքներ է իրականացնելու երկուշաբթվանից մինչև հոկտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում:
Ավելի ուշ Հունաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի այս գործողությունները ուղղակի սպառնալիք են տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը:
Նշվում է, որ Հունաստանի և Թուրքիայի արտգործնախարարների միջև վերջերս տեղի ունեցած հանդիպման ժամանակ Թուրքիան պարտավորվել էր տարածաշրջանում հետազոտական աշխատանքների իրականացման շուրջ բանակցությունների ամսաթիվ ասել, սակայն նրա այս քայլը ցույց է տալիս, որ Թուրքիային վստահել պետք չէ, և որ այն իրականում երկխոսություն չի ցանկանում:
«Կոչ ենք անում Թուրքիային հիշել իր որոշումը»,- հայտարարել է պաշտոնական Աթենքը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի հարաբերությունները Միջերկրական ծովի արևելյան հատվածի պետությունների հետ սրվել է իր կողմից այս երկրների ջրային տարածքներում հորատման աշխատանքներ սկսելուց հետո:










