Կադիրովը հայտնել է Չեչնիայում արտերկրից եկած զինյալների չեզոքացման մասին. նրանք ժամանել էին Սիրիայից և ահաբեկչություններ էին նախապատրաստում (լուսանկար)
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն իր թելեգրամյան ալիքում գրել է, որ մայրաքաղաք Գրոզնիի շրջանում հրաձգություն կազմակերպած հանցագործներն արտերկրից են ժամանել:
Կադիրովը մանրամասնել է, որ նրանք ահաբեկչություններ իրականացնելու նպատակով Սիրիայից էին ժամանել Չեչնիա:
«Վերջին ժամանակներում այդ «շայթանները» Ռուսաստանի սահմաններից դուրս փախուստի մեջ էին, թաքնված էին Սիրիայում և այլ երկրներում: Հիմա էլ իրենց արևմտյան հովանավորներից հրաման ստալով՝ վերադարձել են և որոշել մի շարք ահաբեկչություններ իրականացնել»,- Կադիրովի խոսքը մեջբերել է ՏԱՍՍ գործակալությունը:
Նրա խոսքով՝ իրավապահ մարմինները նախապես են տեղեկատվություն ստացել այն մասին, որ տարածաշրջան արտերկրից ժամանել են ապօրինի զինված խմբավորումների անդամներ, որոնց հայտնաբերման համար հատուկ օպերատիվ միջոցառումներ են ձեռնարկվել:
Հայտնի է, որ հանցագործների որոնողական աշխատանքներին օգնել են նաև տեղի բնակիչները՝ համապատասխան մարմիններին հայտնելով հարակից տներից մեկում կասկածելի մարդկանց գտնվելու մասին:
Կադիրովը հավելել է նաև, որ չեզոքացված զինյալների մոտ զենք, զինամթերք, կապի միջոցներ են հայտնաբերվել: Նշվում է, որ վերջիններս պատրաստվել են տարածաշրջանում ահաբեկչություններ իրականացնել:
Հայտնի է, որ առաջինը դեպքի վայր են ժամանել ոստիկանության հատուկջոկատայինները, որոնք էլ կռվի մեջ են մտել զինյալների հետ, ինչի հետևանքով նաև կորուստներ են կրել: Հանրապետության ղեկավարի խոսքով՝ ռուսական գվարդիայի զոհված մարտիկների ընտանիքներին «բազմակողմանի աջակցություն» է հատկացվելու:
«Չեչնիայի Հանրապետության մայրաքաղաքում և ամբողջ տարածաշրջանում այժմ իրավիճակը կայուն և հանգիստ է: Սահմանափակող միջոցներ չկան, շարժն ազատ է: Բոլոր ծառայություններն աշխատում են սովորական ռեժիմով: Անվտանգության ուժերն աշխատել են հնարավորինս արհեստավարժ, հմուտ և ծածուկ»,- հավելել է Կադիրովը:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:











