Հարձակվող կողմը անգամներով շատ կորուստներ է կրում․ նման կորուստներ ոչնչի կամ նույնիսկ մեկ-երկու գյուղի դիմաց, տոտալ պարտություն է. Ա. Եղոյանը՝ թշնամու՝ հրադադարը խախտելու պատճառի մասին (տեսանյութ)
Այս կռիվն Արցախի համար չէ, այս կռիվը տարածաշրջանը վերաձևելու փորձ է՝ նախաձեռնած Թուրքիայի կողմից: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով Tert.am-ի դիտարկմանը, թե Ադրբեջանը շարունակում է խախտել հումանիտար հրադադարի ռեժիմը:
«Այլևս Ադրբեջանը չի որոշում ինքը հարձակվի, չհարձակվի, նահանջի, թե հրադադար հաստատի, այդ որոշումները կայացվում են Թուրքիայում և մեծ հաշվով տարօրինակ չէ, որ հիմա Թուրքիան հաշվի չի նստում հումանիտար հրադադարի ռեժիմի հետ»,- ասաց Արմեն Եղոյանը և ընդգծեց, որ երկրորդ պատճառ էլ այստեղ կա:
«Նույնիսկ կարճատև հրադադարից հետո Ադրբեջանի հասարակությունը տարբեր աղբյուրներից հնարավորություն է ստանալու տեղեկություն ունենալ իրենց կորուստների իրական թվի մասին, և դա ներքաղաքական լրջագույն խնդիրներ է ստեղծելու Ադրբեջանի ղեկավարության համար, քանի որ հարձակվող կողմը անգամներով ավելի շատ կորուստներ է կրում: Կրել նման կորուստներ ոչնչի դիմաց, կամ մեկ-երկու դիրքի կամ նույնիսկ գյուղի դիմաց, այս պահին տոտալ պարտություն է»,- ընդգծեց նա:
Ըստ Եղոյանի՝ դրա համար է, որ նրանք փորձում են հնարավորինս բարելավել իրենց դիրքերը, որ երբ բացահայտվի իրենց կորուստների քանակը, գոնե իրենց հասարակությանն ինչ-որ ներկայացնելու բան ունենան, որովհետև այն, ինչ հիմա իրենք ունեն, համեմատելի չէ իրենց ունեցած կորուստների հետ:
Հարցին էլ՝ հիմքեր տեսնո՞ւմ է, որ Արցախի անկախությունը ճանաչեն այլ երկրներ, պատգամավորն ասաց՝ միանշանակ. «Քանի որ հիմա արդեն այս հակամարտության կոնտեքստը փոխվել է, հիմա ոչ թե պետք է հավասարակշռել տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքները, ինչպես առաջ էր արվում, այլ ուղղակի պետք է արցախահայությանը փրկել ֆիզիկական ոչնչացումից կամ լավագույն դեպքում տեղահանումից փրկել, ճանաչել նրանց որպես միջազգային իրավունքի սուբյեկտ կամ դրա հետ սահմանակցող որևէ կարգավիճակում»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:










