Ստեփանակերտում հայտնաբերել ենք 670 չպայթած զենք-զինամթերք. Մեխակ Արզումանյան (տեսանյութ)

18:59 • 13.10.20

Այս պահի դրությամբ ունենք Հանրապետությունում քաղաքացիական բնակչության շրջանում 25 մահացած և 100-ից ավել վիրավոր, ունենք 5800-ից ավել վնասված բնակելի և հասարակական նշանակության օբյեկտներ: Այս  պահին ծառայության հիմնական գործառույթները ուղղված են ոչ պայթած զինամթերքի հայտնաբերմանը և ոչնչացմանը: Այս մասին ճեպազրույցում նշեց Արցախի ԱԻ փրկարար ուժերի վարչության պետ Մեխակ Արզումանյանը:

Նա նշեց, որ չպայթած զինամթերքը հայտնաբերվում և տեղափոխվում է Ստեփանակերտ քաղաքից դուրս և ոչնչացվում:

Արցախի ԱԻ պետական ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Սասուն Սարուխանյանը նշեց, որ արդեն 17 օր է՝ փրկարարներն իրականացնում են թիկունքային աշխատանքներ: Նրա խոսքով՝ խնդիր է դրվել ապաստարաններում բնակչությանն ապահովվել մշտական սնունդով, դեղորայքով և այլ պարագաններով: Այդ աշխատանքններին օգնում է ՀՀ-ի ԱԻՆ աշխատակիցների խմբերը. «Այդ աշխատանքներն օպերատիվ իրականացնելու նպատակով երեկ մեզ միացան նաև ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի խմբերը, և կամավորական փրկարարական խմբեր: Մենք աշխատում ենք՝ անտեսելով տագնապի ազդանշանները, ռմբակոծությունը, աշխատանքները իրականացնում ենք ռմբակոծության տակ, որպեսզի սնունդը և անհրաժեշտ պարագանները հասցնենք մեր ազգաբնակչությանը»:

Սասուն Սարուխանյանը նշեց, որ մինչ պատերազմը սկսելը ապաստարաններում շահագրգիռ կազմակերպությունների հետ մաքրման և վերանորոգման աշխատանքներ են իրականացրել, պատրաստի վիճակի բերել:

Հարցին՝ որ հատվածներում կան չպայթած արկեր, Արզումանյանը պատասխանեց, որ Ստեփանակերտում հայտնաբերել են մոտ 670 չպայթած զենք-զինամթերք. «Այդ աշխատանքները կրակի դադարից հետո կիրականացվել են հանրապետության ողջ տարածքում, որովհետև հրթիռակոծության է ենթարկվել ոչ միայն Ստեփանակերտ քաղաքը, այլ բոլոր շրջանները: Ստեփանակերտում ունենք հայտնաբերած զենք զինամթերք Իսակով, Թումանյան, Հեքիմյան փողոցներում, բայց այս պահի դրությամբ կարելի է ասել՝ 95 տոկոս անվտանգ է»: