Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը ԼՂ հակամարտության կողմերին կոչ է արել երկարացնել կրակի դադարեցման ռեժիմը

13:17 • 13.10.20

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտության կողմերին կոչ է արել երկարացնել հրադադարի ռեժիմը, և այն հարցի լուծումը քաղաքական դաշտ տեղափոխելու համար օգտագործել, գրում է ՏԱՍՍ գործակալությունը: 

Պատրիարքի հայտարարությունը երեքշաբթի հրապարակվել Է Ռուս ուղղափառ եկեղեցու պաշտոնական կայքում:

«Չափազանց կարևոր եմ համարում Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով ձեռք բերված համաձայնությունները: Դիմում եմ երկու երկրների ղեկավարներին՝ կոչ անելով հրադադարն օգտագործել հարցի լուծումը քաղաքական դաշտ տեղափոխելու համար: Հանուն երկու հարևան ազգերի ապագայի կոչ եմ անում երկարացնել հրադադարը, և այն խաղաղ բանակցությունների համար օգտագործել»,- ասվում է փաստաթղթում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 13-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 18 ինքնաթիռ, 173 անօդաչու թռչող սարք, 521 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 5139 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 532 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 25 քաղաքացիական անձ, վիրավորվել է 102 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։