«Եթե Թուրքիան և Ադրբեջանը հետաքրքրված չեն Արցախի ներգրավմամբ բանակցություններ վարել, ժամանակն է, որ ԱՄՆ-ն ճանաչի ԼՂ անկախությունը». Ադամ Շիֆ

23:09 • 13.10.20

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը մասնակցել է Լոս Անջելեսի Pan Pacific Park այգում տեղի ունեցած հանրահավաքին, որի ժամանակ հանդես է եկել ելույթով՝ կոչ անելով ԱՄՆ-ին ճանաչել Արցախի անկախությունը:

«Հարյուրավոր մարդիկ են մահացել և վիրավորվել, հազարավորներն էլ տեղահանվել են Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից առաջին ռումբերի նետումից հետո: Պատմական եկեղեցիներն ու քաղաքները ռմբակոծվել և ավերվել են: Սիրիացի գրոհայինները որպես վարձկաններ տեղակայվել են ադրբեջանական զինուժում՝ Թուրքիայի հովանավորությամբ:

Չնայած այս անօրինական պատերազմին՝ Արցախի ժողովուրդը դեռևս դիմագրավում է: Հայաստանի ժողովուրդը՝ նույնպես: Եվ մենք շարունակում ենք կանգնել նրանց կողքին:

Այս պատերազմը մի օրում չի ծագել: Այն արդյունքն է Բաքվի կոռուպցիոն ռեժիմի, որն իր ժողովրդի շրջանում բռնի էթնիկ-ազգայնական գաղափարներ է տարածում խաղաղության, բարգավաճման և ազատության փոխարեն:

Սակայն դա նաև Միացյալ Նահանգների քաղաքականության արդյունքն է Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ: Շատ երկար ժամանակ կեղծ հավասարության քաղաքականություն է բանացրել, մինչդեռ Ադրբեջանը մեկը մյուսի հետևից հարձակումներ է իրականացնում Հայաստանի և Արցախի դեմ: Իսկ վերջիններս պաշտպանում են իրենց կյանքն ու տները:

Նախագահներ Ալիևն ու Էրդողանը պետք է հասկանան, որ այս տասնամյակներ տևող հակամարտությունը չի կարող լուծվել քաղաքացիական անձանց դեմ ուժի կիրառմամբ, և Միացյալ Նահանգները չպետք է անտարբեր մնա, երբ նրանք նման փորձեր են անում:

Այս հակամարտության միակ կարգավորումը կարող է տեղի ունենալ բանակցությունների միջոցով, այլև ոչ թե հրետանու և ռումբերԻ գործադրմամբ՝ ընդդեմ հայ ժողովրդի: Ամերիկան պետք է կանգնի Ստեփանակերտում գործող երիտասարդ ժողովրդավարության կողքին և ոչ թե Ալիևի ավտորիտար ռեժիմի: Եվ եթե Թուրքիան և Ադրբեջանը հետաքրքրված չեն Արցախի ներգրավմամբ բանակցություններ վարել, ապա ժամանակն է, որ ԱՄՆ-ն ճանաչի Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն»,-ասել է Ադամ Շիֆը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 13-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 18 ինքնաթիռ, 173 անօդաչու թռչող սարք, 521 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 5139 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 532 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 25 քաղաքացիական անձ, վիրավորվել է 102 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։