«Ադրբեջանա-թուրքական լոբբիստների բանակները միլիոններ են վճարում, որպեսզի դիմակայեն լավ կազմակերպված հայկական սփյուռքին և ԱՄՆ-ին իրենց կողմը թեքեն»․ Responsible Statecraft
Ամերիկացիների մեծ մասը գրեթե ոչինչ չգիտի Լեռնային Ղարաբաղում հետխորհրդային երկու հանրապետությունների միջև սեպտեմբերի 27-ին վերսկսված հակամարտության մասին, բայց ադրբեջանական և թուրքական լոբբիստների բանակները միլիոններ են վճարում, որպեսզի դիմակայեն լավ կազմակերպված հայկական սփյուռքին և Միացյալ Նահանգներին իրենց կողմը թեքեն, գրում է Responsible Statecraft-ը։
Հոդվածագիր Մեթյու Փեթիի խոսքով՝ հայկական սփյուռքի և ադրբեջանա-թուրքական լոբբիստների բանակի պայքարը հակասություն է առաջացրել ԱՄՆ-ի քաղաքականության մեջ․ Կոնգրեսն աջակցում է Հայաստանին, մինչդեռ գործադիր իշխանությունը շարունակում է ռազմական օգնության տեսքով հարյուր միլիոնավոր դոլարներ ուղղել Ադրբեջան:
«Ադրբեջանը վաղուց է ձգտում իրեն պատկերել արևմտամետ, իսրայելամետ, նավթով հարուստ մուսուլմանական պետություն։ Այս փիառ արշավն ապահովված է մեծ փողերով. անցյալ տարի ադրբեջանական կառավարությունը ամերիկյան լոբբիստների վրա ծախսել է գրեթե 1,3 մլրդ դոլար, ինչի մասին երեկ առաջին անգամ հայտնել է The American Conservative թերթը: Թուրքիան՝ Ադրբեջանի մերձավոր դաշնակիցն ու Հայաստանի մրցակիցը, նույնպես կարող է պարծենալ Վաշինգտոնում բազմաթիվ բարեկամներով։ FARA-ի տվյալներով՝ անցյալ տարի թուրքական կառավարությունը 3,6 մլն դոլար է ծախսել լոբբինգի համար»,- նշում է Փեթին՝ ընդգծելով, որ «միևնույն ժամանակահատվածում Հայաստանը զրո դոլար է ծախսել լոբբինգի վրա»։
Մեջբերելով ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքը՝ հոդվածի հեղինակը նշում է, որ «փոխարենը ԱՄՆ-ում հայ համայնքը ներդնում է տասնամյակների ընթացքում կուտակած մշակութային, սոցիալական և քաղաքական կապիտալը»՝ հավելելով, որ հայերի պատմությունը լսելի դարձնելու գործում իրենց ներդրումն են ունեցել մի շարք ամերիկահայ աստղեր, ինչպիսիք են՝ Քիմ Քարդաշյանը, Շերը և Սերժ Թանկյանը։
Հոդվածագիրը նաև ուշագրավ է համարում այն փաստը, որը 1992 թվականի Ազատության աջակցության մասին օրենքի 907-րդ հոդվածը սահմանափակում է ԱՄՆ ռազմական օգնությունն Ադրբեջանին, սակայն չնայած այդ սահմանափակումներին, 2001-ից ի վեր Ադրբեջանը ԱՄՆ-ից օգնության տեսքով շարունակում է տարեկան ավելի քան 100 միլիոն դոլար ստանալ անվտանգության ոլորտում, մինչդեռ Հայաստանը վերջին տարիներին գրեթե ոչինչ չի ստացել։
«Հայաստանը Ցեղասպանություն վերապրած ազգ է, որը մեծ կայսրություններին հաղթեց, որպեսզի ստեղծի երիտասարդ ժողովրդավարություն»,- ընդգծում է նա։










