«Թրամփի վարչակազմը պետք է դադարեցնի սիրաշահել Անկարային»․ Ջո Բայդենը և ԱՄՆ փոխնախագահի թեկնածու Քամալա Հարիսը ԼՂ հարցով հայտարարություններով են հանդես եկել

10:21 • 14.10.20

ԱՄՆ նախկին փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենը երեքշաբթի կրկին հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում ռազմական հակամարտության սրման վերաբերյալ։ 

Ջո Բայդենի հայտարարությունում մասնավորապես նշվում է․ «Ես խորապես մտահոգված եմ հոկտեմբերի 10-ի հրադադարի համաձայնագրի ձախողմամբ և Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ ռազմական գործողությունների վերսկսմամբ։ Անօդաչու սարքերը, ականանետերն ու հեռահար հրետանին շփման գծի երկու կողմերում հարյուրավոր կյանքեր են խլում՝ տեղահանելով հազարավոր խաղաղ բնակիչների։

Անբացատրելիորեն, այս վերջին էսկալացիայի ամբողջ ընթացքում Թրամփի վարչակազմը զգալիորեն պասիվ էր և չներգրավված: Սեպտեմբերի 27-ին ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր ո՛չ նախագահ Թրամփը, ո՛չ պետքարտուղար Պոմպեոն ոչ մի հեռախոսազանգ չեն ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, նույնիսկ այն ժամանակ, երբ տարածաշրջանում բռնկում է: Մոսկվայի դիվանագիտությունը պատվիրակելու փոխարեն վարչակազմը պետք է առավել ակտիվ մասնակցություն ունենա ամենաբարձր մակարդակով՝ աշխատելով մեր եվրոպացի գործընկերների հետ մարտական գործողությունների ապաէսկալացման և երկու կողմերի՝ բանակցություններին վերադառնալու ուղղությամբ»,- ասված է Բայդենի հայտարարությունում։

Դրանում նշվում է նաև, որ Թրամփի վարչակազմը պետք է Ադրբեջանին հայտնի, որ չի հանդուրժի այդ հակամարտության ռազմական լուծում պարտադրելու նրա փորձերը։ 

«Ի վերջո, նա պետք է դադարեցնի սիրաշահել Անկարային և հայտնի ինչպես Թուրքիային, այնպես էլ Իրանին, որ նրանք հեռու մնան այդ հակամարտությունից։ Թուրքիայի կողմից Ադրբեջանին զենք տրամադրելն ու ռազմական լուծումը խրախուսող ռազմատենչ հռետորաբանությունն անպատասխանատու են։ Հեշտ չի լինի հասնել դիվանագիտական լուծման, սակայն Թրամփի վարչակազմը պարտավոր է փորձել։ Այդ ուղղությամբ հրատապ քայլեր է պետք ձեռնարկել, նախքան ավելի շատ մարդկային կյանքերի կորուստը և հակամարտության ընդլայնումը»,- ասված է Բայդենի հայտարարությունում։

Մինչդեռ Դեմոկրատական կուսակցությունից փոխնախագահի թեկնածու Քամալա Հարիսի հայտարարությունում ասվում է․ «Ես խիստ անհանգստացած եմ Լեռնային Ղարաբաղում շարունակվող ագրեսիայի մասին հաղորդագրություններով։ Իմ սիրտն այն մարդանց հետ է, որոնք կորցրել են իրենց սիրելիներին։ Այս հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ։ Թրամփի վարչակազմը պետք է ավելին անի հրադադարի հասնելու, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը դադարեցնելու, դիտորդներ տեղակայելու և երկարաժամկետ դիվանագիտական կարգավորման շուրջ բանակցությունները վերսկսելու համար: Կյանքը փրկելու համար անհրաժեշտ են անհապաղ գործողություններ»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 13-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 18 ինքնաթիռ, 173 անօդաչու թռչող սարք, 521 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 5139 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 542 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 25 քաղաքացիական անձ, վիրավորվել է 102 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։