Ադրբեջանական զինուժը թիրախավորել է ՀՀ-ում մարտական հերթապահություն կատարող մարտական տեխնիկա, այսուհետ ՀՀ ԶՈՒ-ն իրեն իրավունք է վերապահում թիրախավորել Ադրբեջանում գտնվող ցանկացած ռազմական օբյեկտ․ ՀՀ ՊՆ

10:35 • 14.10.20

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․

«Հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինուժը թիրախավորել է Հայաստանի Հանրապետության տարածքում, Քարվաճառի հետ սահմանակից գոտում մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկա՝ ընդամենը ենթադրությունների հիման վրա, թե, իբր, այդ տեխնիկան պատրաստ է եղել հարվածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին։

Ավելորդ է նշել, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության այդ պնդումը չի կարող որևէ հիմնավորում ունենալ։ Փաստացի, այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունն իրեն թույլ է տալիս թիրախավորել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող և բնականոն մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկան՝ ընդամենը ենթադրությունների հիման վրա։

Վերահաստատելով, որ մինչև այս պահը Հայաստանի Հանրապետության տարածքից որևէ հրթիռ, արկ կամ գնդակ չի արձակվել Ադրբեջանի ուղղությամբ, միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ այսուհետ Հայաստանի Հանրապետության զինված ուժերն իրենց իրավունք են վերապահում նույն տրամաբանությամբ թիրախավորել Ադրբեջանի տարածքում գտնվող ցանկացած ռազմական օբյեկտ կամ ռազմական տեղաշարժ։

Մարտական գործողությունների գոտին և տրամաբանությունը փոխելու գործընթացի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։

Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 13-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 18 ինքնաթիռ, 173 անօդաչու թռչող սարք, 521 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 5139 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 532 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 25 քաղաքացիական անձ, վիրավորվել է 102 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։