Հայաստանը ՌԴ նախաձեռնությամբ զինվորականների է գործուղել Մոսկվա՝ Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչների հետ ԼՂ-ում հրադադարի պահպանման մեխանիզմների հարցը քննարկելու, բայց Բաքուն հրաժարվել է. Մանե Գևորգյան

01:08 • 17.10.20
Հայաստանը ՌԴ նախաձեռնությամբ զինվորականների է գործուղել Մոսկվա՝ Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչների հետ ԼՂ-ում հրադադարի պահպանման մեխանիզմների հարցը քննարկելու, բայց Բաքուն հրաժարվել է. Մանե Գևորգյան

Հայաստանը Ռուսաստանի նախաձեռնությամբ զինվորականների է գործուղել Մոսկվա՝ Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչների հետ ԼՂ-ում հրադադարի պահպանման մեխանիզմները քննարկելու, բայց Բաքուն հրաժարվել է, այս մասին ռուսական ТАСС գործակալությանը հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

«Երևանը թեև դրականորեն է արձագանքել Ռուսաստանի նախաձեռնությանն ու Մոսկվա գործուղել ՀՀ ՊՆ ներկայացուցիչների, ադրբեջանական կողմը, սակայն, մեր տեղեկություններով, իր ներկայացուցիչներին չի գործուղել՝ մասնակցելու այդ հանդիպմանը: Սա նշանակում է, որ Բաքուն, ըստ էության, հրաժարվում է Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածություններից և Ռուսաստանի նախաձեռնությանը մերժմամբ է պատասխանում»,- նշել է ՀՀ վարչապետի խոսնակը:

Մանե Գևորգյանը նաև շեշտել է՝ Երևանում ենթադրում են, որ Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչներին Մոսկվա մեկնել թույլ չի տալիս Թուրքիան:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 16-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 21 ինքնաթիռ, 181 անօդաչու թռչող սարք, 552 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 5839 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 633 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 33 քաղաքացիական անձ, վիրավորվել է 106 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։