Մեր տղերքի արյան վրեժը լուծելու ենք, ամեն ինչ պետք է վերածել զենքի․ գնդապետ
Մենք չենք հավատում հրադադարի որևէ պայմանավորվածության, դրա համար էլ տղերքն առաջնագծում զգոնությունը չեն կորցրել, մեր հույսն ու հավատը Աստվածն է, մեր զինվորն ու զենքը, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց առաջնագծում գտնվող գնդապետ, «Տիգրան Մեծ» ռազմամարզական վարժարանի հիմնադիր-տնօրեն Կորյուն Ղումաշյանը։
Ըստ նրա՝ ակնհայտ էր, որ ոչ մի պայմանավորվածություն թշնամին, ահաբեկիչների հետ միասին, չի պահելու։
«Սա մեր ժողովրդի ապրելու կռիվն է, պետք է կարողանանք համատարած մոբիլիզացիա իրականացնել, ամեն ինչ վերածել զենքի, պետք է գիտակցել դղյակները ոչ մեկին չեն մնալու, չեն վայելելու, պետք է նաև օդային գերակայություն հաստատենք։ Թուրքն ուզում է բնաջնջել հայ ազգին։ Մի կողմ պիտի թողնել ջրբաժան մոտեցումները։ Ռազմաճակատին համախմբված թիկունք է պետք»,-ասաց նա։
Գնդապետի խոսքով ՝ պետք է հիշել, որ մեր դեմ հիմնականում հանվել են Թուրքիայի հատուկ ջոկատայինները և ահաբեկիչները, եթե մեր դեմ միայն ադրբեջանական բանակը լիներ, ապա վաղուց պատերազմն ավարտած կլինեինք։
«Փառք ու պատիվ մեր տղերքին, մեր զինվորներին կռիվը հզոր տեխնիկայի դեմ է, փառք ու պատիվ նաև մեր խաղաղ բնակիչներին, թիկունք են պահում ռումբերի տակ»,- ասաց նա։
Կորյուն Ղումաշյանը նաև ընդգծեց, որ այս օրերին հանուն մեր հայրենիքի, հանուն մեր ժողովրդի ապրելու իրավունքի նահատակվածների վրեժը պիտի լուծեն։
«Այս օրերին իմ կուրսանտներից էլ անմահացան, անմահացան նաև իմ ընկերները՝ Ռուստամ Գասպարյանն ու իր որդին, իմ փեսան։ Փառք ու պատիվ Ռուստամին, բոլոր նահատակված տղերքին։ Բոլոր զոհվածներն էլ մերն են։ Մենք մեր տղերքի արյունը չենք թողնի իզուր լինի, վրեժխնդիր ենք լինելու։ Թող իմանան բոլորը՝ աշխարհի քարտեզի վրա փոքր պետությունը կռվում է այս պայմաններում մեկ ամիս է՝ թուրքն իր ամբողջական նպատակին չի հասնում, սա արդեն հաղթանակ է։ Պետք է մտածենք, մեր ազգին կրկին ուզում են ցեղասպանել, պիտի յուրաքանչյուրը գործի անցի, ինչ պատասխան տանք էն երեխեքին, կանանց ու ծերերին ովքեր ռումբերի տակ են․․․»,-ասաց նա։










