Բեյոնսեն 500 000 դոլար կնվիրաբերի համավարակից տուժած քաղաքացիներին օգնելու համար

22:05 • 26.12.20

Ամերիկացի երգչուհի Բեյոնսեն իր կայքում հայտարարություն է հրապարակել, որի համաձայն՝ 2021 թվականի հունվարի 7-ից մարդիկ կարող են դիմել 5000-ական դոլար դրամաշնորհ ստանալու համար:

Ինչպես հայտնում է CNN-ը, ըստ հայտարարության՝ դրամական աջակցություն կստանա 100 մարդ, որոնց կընտրեն հունվարի վերջին:

«Բեյոնսեն շարունակում է աջակցություն հատկացնել նրանց, ովքեր կարիք ունեն: BeyGOOD հիմնադրամն աջակցության երկրորդ փուլի շրջանակներում կօգնի նրանց, ովքեր համավարակի պատճառով կորցրել են իրենց աշխատանքը և կանգնած են տան խնդրի առաջ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ համավարակի պատճառով ԱՄՆ-ում տուն վարձակալող բնակիչներից 9,2 մլն-ը կորցրել է եկամտի աղբյուրը:  

Դրամական օգնության համար դիմողները պետք է համապատասխան փաստաթղթեր տրամադրեն:

Ինչպես նշվում է, սա առաջին անգամը չէ, երբ երգչուհին փորձում է օգնել կորոնավիրուսի համավարակի հետևանքով տուժած քաղաքացիներին: Նրա հիմնադրամը, միավորվելով սևամորթների շահերի պաշտպանությամբ զբաղվող NAACP կազմակերպության հետ, 10 000-ական դոլար աջակցություն է հատկացրել 250 փոքր բիզնեսների:

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը համավարակի ողջ ընթացքում, գերազանցել է 19 մլն-ը, իսկ մահացածներինը՝ 330 000-ը:


Բեյոնսեն 500 000 դոլար կնվիրաբերի համավարակից տուժած քաղաքացիներին օգնելու համար