Հայրս ամեն ինչ փորձել է անել, չլինելով իշխանության մեջ՝ արել է հնարավորը, բայց Արցախի նախագահը նույնիսկ հարկ չհամարեց հանդիպել նրա հետ. Լևոն Քոչարյան (տեսանյութ)

14:30 • 19.01.21

2.5 տարի շարունակ մենք և ուրիշները զգուշացնում էինք սպասվող այս աղետի մասին, բայց նույնիսկ դատախազները դատական նիստին ցինիկաբար ասում էին՝ Ձեզ Շուշին հանձնելու համար չենք դատում, և արդյունքը եղավ այս ամեն ինչը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը:

Հարցին՝ նա հետադիմական համարո՞ւմ է այն մտքերը, որ մենք պետք է հզորանանք ու հետ բերենք կորցրածը, Լևոն Քոչարյանն ասաց, որ հիմարություն է դա հետադիմական հայացք համարելը:

Ինչ վերաբերում է իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին, թե կորցրածը պետք է քաղաքական ճանապարհներով վերականգնել, արդյոք դա հնարավո՞ր է, նա արձագանքեց. «Կան շատ բացեր այս պահի դրությամբ: Հնարավոր էր ճիշտ բանակցությունների միջոցով ինչ-որ կետերով հօգուտ մեզ ինչ-որ արդյունքներ ունենալ, բայց պատերազմը և արդյունքը, որ ունեցանք, սխալ դիվանագիտության արդյունքն էին, որի մասին բազմիցս բարձրաձայնվում էր, ու, ցավոք, մեր հասարակությունն ուրիշ բանով էր տարված, մոլորված էր ու այդ ամեն ինչին ականջալուր չեղավ, ու ունեցանք այն, ինչ ունեցանք»:

Ինչ վերաբերում է հարցին, որ բազմաթիվ պահանջներից հետո իշխանությունը հրաժարվում է հեռանալ և հարցին՝ ե՞րբ է պատրաստվում Ռոբերտ Քոչարյանը մտնել քաղաքական դաշտ, Լևոն Քոչարյանն ասաց, որ իշխանությունների աներեսությունն իրեն ապշենում է: «Նրանք դեռ ընթացքում, երբ տեսան, որ իրենց մոտ չի ստացվում, այդ ժամանակ պետք է ինչ-որ գործողությունների դիմեին ու թեկուզ հեռանային, իսկ հիմա առավել ևս նրանք պետք է ինքնասիրություն ունենան ու հեռանան: Իսկ հայրս վաղուց  է քաղաքականության մեջ, դրա մասին բազմիցս ասվել է, իսկ հետագա գործողությունների հետ կապված՝ դեռ խոսելու և ժողովրդին ներկայացնելու առիթ կլինի, թե ինչ ձևով ու եղանակով է դա արվելու»,-հայտարարեց նա:

Լևոն Քոչարյանը հավելեց, որ Ռոբերտ Քոչարյանն այս պահին «17+»-ի հետ համագործակցելու օրակարգ չունի:

Հարցին՝ հնարավոր չէ՞ր ինչ-որ կերպ խանգարել գործընթացին, որ նոյեմբերի 9-ին նման հայտարարություն չստորագրվեր, նա ասաց. «Մենք պատերազմից մի քանի օր հետո մեկնեցինք Արցախ: Ինչո՞ւ ոչ առաջին օրը, որովհետև դատական նիստ պետք է լիներ, ամեն ինչ փորձեց անել հայրս՝ թե՛ խորհուրդներով, թե՛ տարբեր հուշումներով, ընդհուպ ասում էր՝ գիտեք, գնացեք, էսինչ բանն ասեք ու մի ասեք, որ ես եմ ասել: Ամեն ինչ փորձեց, Արցախի նախագահը նույնիսկ հարկ չհամարեց հանդիպել նրա հետ ու քննարկել:  Ես ինքս եմ ականատես եղել, որ էն մարդկանց, որոնք կանգնած են եղել մեր հաղթանակների հիմքում՝ 90-ականներից սկսած, ինչպես էին անտեսում ու չէին լսում: Փորձել է անել առավելը, ինչքան հնարավոր էր անել կողքից՝ չլինելով իշխանության մեջ»:

Մանրամասները՝ տեսանյութում: