Ընդդիմադիր դաշտում հավաքված են տարբեր քաղաքական ուժեր, հնարավոր է լինեն տարբերվող կարծիքներ, բայց բոլորս ունենք միասնական օրակարգ՝ Փաշինյանը պետք է հեռանա․Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

13:46 • 19.01.21

Ընդդիմադիր դաշտում հավաքված են տարբեր ուժեր և հնարավոր է՝ լինեն ինչ-որ տարբերվող կարծիքներ, բայց մեկ հարցում մեր օրակարգը միասնական է՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, իսկ մարտավարական հարցերի վերաբերյալ միշտ էլ կարող են լինել տարակարծություններ: Այս մասին խորհրդարանում լրագորղների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով հարցին, թե հնարավոր է՝ տարաձայնություններ կան ընդդիմադիր «17+»-ի շրջանակներում:

Անդրադառնալով դիտարկմանը, թե Գագիկ Ծառուկյանը քննադատել է «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հայտարարությունը մի շարք գյումրեցիների հասցեին, որոնք փակել էին նրա ճանապարհը, Զոհրաբյանն ասաց, թե միանում է Ծառուկյանի գնահատականին: «Ես, իհարկե, հասկանում եմ, որ երբեմն էմոցիաներն էնպես են խտանում և այնպիսի իրավիճակներ են ստեղծվում, որ չես կարողանում մնալ ադեկվատ լեքսիկոնի շրջանակում, բայց հասկանում եմ նաև, որ մենք քաղաքական գործիչներ ենք և ինչքան էլ սադրանքները լինեն անհանդուրժելի, պետք է չտրվենք սադրանքների»:

Tert.am-ի ճշտող հարցին էլ՝ նա ափսոսո՞ւմ է, որ օգտագործել է «Ժեխ» բառը, Զոհրաբյանն ասաց. «Ես չեմ հրաժարվի «ժեխ» բառն օգտագործելուց, իմ կոնտեքստն այլ է եղել, ես ասել եմ՝ բոլոր նրանք, ովքեր արդարացնում են դավաճանությունը, ովքեր ասում են, որ լավ է եղել, որ 5000 և ավելի երեխա է սպանվել, ժեխ են»:

Հարցին՝ ինչո՞ւ ԲՀԿ-ականները չեն մասնակցել Գյումրու և Վանաձորի հավաքներին, Զոհրաբյանն ասաց, որ իրենց մարզային պատգամավորներից Վարդևան Գրիգորյանը եղել է  այդ հավաքներին:

Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող լուրերին, թե «Հայրենիքի փրկության շարժման»  ներսում տարաձայնություններ կան վարչապետի թեկնածուի հետ կապված, Զոհրաբյանն ասաց, որ վերջին շրջանում ինքը զբաղված է ռազմագերիների հարցերով և ծանրաբեռնվածության պատճառով նման ինֆորմացիայի չի տիրապետում:

Նաիրա Զոհրաբյանը վստահեցրեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օրակարգն անփոփոխ է և Նիկոլ Փաշինյանը պետք է օր առաջ հեռանա: «Նա այլևս վտանգ է Հայաստանի ազգային անվտանգութանը, Նիկոլ Փաշինյանն ինչքան շուտ դա հասկանա, այնքան շուտ մենք հնարավորություն կունենանք ուղղելու մեր ողնաշարը և զբաղվելու խնդիրներով, որովհետև ինքը չի կարող լինել ադեկվատ բանակցող»,- ասաց նա:

Հարցին էլ՝ հնարավո՞ր է լինեն Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան ձևաչափով այլ հանդիպումներ, Զոհրաբյանն ասաց, որ Գագիկ Ծառուկյանն այն քաղաքական գործիչն է, որը ժողովրդի թիկունքում որևէ թաքուն հանդիպում անելու անգամ մոտիվացիա չունի և որ նրա բոլոր հանդիպումները եղել են և կլինեն հրապարակային:

Մանրամասները՝ տեսանյութում: