Ջո Բայդենը երդմնակալությունից հետո Օվալաձև սենյակից հեռացրել է Չերչիլի կիսանդրին, ինչը Մեծ Բրիտանիայում դժգոհությունների ալիք է բարձրացրել (լուսանկար)
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալությունից հետո ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Սպիտակ տան Օվալաձև սենյակից հանվել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ոինսթոն Չերչիլի կիսանդրին, ինչը համացանցում մեծ քննարկումների առիթ էր հանդիսացել։
Առցանց հարթակում բրիտանացիները Չերչիլի կիսանդրու հեռացումը որակել են Մեծ Բրիտանիային և վարչապետ Բորիս Ջոնսոնին ուղղված վիրավորանք՝ մատնանշելով երկու երկրների միջև «յուրահատուկ հարաբերությունների» խարխլումը։
Ի պատասխան՝ Լոնդոնում ԱՄՆ-ի դեսպանատունն այսօր Twitter-ում տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև «դարերի պատմություն ունեցող սերտ հարաբերությունները»։
Տեսանյութում ցուցադրվում են երկու երկրների դրոշները, ինչպես նաև ԱՄՆ-ի նախկին նախագահների և Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետների հանդիպումներից դրվագներ։
Տեսանյութը ոչ միանշանակ արձագանք է ստացել, և որոշ օգտատերեր նշել են, որ ԱՄՆ-ն Չերչիլի կիսանդրին պետք է Մեծ Բրիտանիային վերադարձնի։
Չերչիլը վերջերս դարձել է Black Lives Matter շարժման ակտիվիստների թիրախը։ 2020-ի ցույցեր ժամանակ մասնակիցները պղծել էին նրա՝ Լոնդոնում տեղակայված հուշարձանը: Ցուցարարները ներկի օգնությամբ ջնջել էին Չերչիլի ազգանունը՝ այն փոխարինելով «ռասիստ էր» գրությամբ։










