ԱՀԿ-ն հայտնել է COVAX ծրագրի շրջանակում COVID-19-ի դեմ պատվաստանյութերի մատակարարման ժամկետները
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) իր COVAX ծրագրի շրջանակում COVID-19-ի դեմ պատվաստանյութի մատակարարումը, հավանաբար, կսկսի փետրվարին, հայտարարել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։
Գեբրեյեսուսի խոսքով՝ ԱՀԿ-ն COVID-19-ի դեմ պատվաստանյութի 40 մլն չափաբաժին մատակարարելու շուրջ պայմանագիր է կնքել Pfizer/BioNTech-ի հետ: 2021-ի առաջին եռամսյակում ԱՀԿ-ն կստանա AstraZeneca պատվաստանյութի ևս 150 մլն չափաբաժին:
Ինչպես նշել է կազմակերպության գլխավոր տնօրենը, պատվաստանյութերի մատակարարումները կարող են սկսվել արդեն փետրվարին, եթե մինչ այդ ԱՀԿ-ն կարողանա ավարտել Pfizer պատվաստանյութի մատակարարման շուրջ գործարքը։
Նշվում է, որ այս տարի ծրագրի շրջանակներում նախատեսվում է վիրուսի դեմ պատվաստանյութերի 2 մլրդ չափաբաժին բաշխել։










