Նախաձեռնել եմ Արցախյան երկրորդ պատերազմում զոհված տղաների մասին հանրագիտարան պատրաստել, որտեղ կներկայացվեն պատերազմում կատարված հերոսական դրվագներն ու նրանց կենսագրությունը. Էդիկ Մինասյան
Արցախյան երկրորդ պատերազմում զոհված տղաների մասին նախաձեռնել եմ հանրագիտարան պատրաստել, որտեղ կներկայացվեն պատերազմում կատարված հերոսական դրվագները, նրանց կենսագրությունը, լուսանկարները. Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, դոկտոր-պրոֆեսոր Էդիկ Մինասյանը:
Նրա փոխանցմամբ՝ կներկայացվեն նաև Երևանի պետական համալսարանն ավարտած կամ դեռևս ուսումը շարունակող, պատերազմին մասնակցած տղաներին, ծրագրված է հետո անդրադառնալ նաև մյուս մասնակիցներին. «Այս ամենը կազմակերպելը բավականին ժամանակ պահանջող գործ է, պետք է դիմենք նաև մարզերին, համայնքների ղեկավարներին, ուսուցիչներին, պատերազմի մասնակիցների ծնողներին, որպեսզի նրանց մասին մանրամասն տեղեկություններ կարողանանք հավաքել»:
Խոսելով սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած արցախյան պատերազմը դասագրքերում ներառվելու մասին` պատմաբանը նշեց, որ վաղ է այդ մասին խոսելը, պետք է դեռ ամփոփել ամբողջական արդյունքները, նյութերը մշակել և հետո նոր ներկայացնել:
«Շատ անգամ ասում են` բանակն է մեղավոր պատերազմի պարտության համար, բայց ես կարծում եմ, որ պարտության մեջ զինվորները որևէ մեղք չունեն, այս պատերազմում հզոր տեխնիկա էր օգտագործվել, շատ հանգամանքներ կան, որոնք պետք է բացահայտվեն նաև ռազմաքաղաքական գործիչների գործունեության հետ կապված, պատճառները պետք է վերլուծել, այս պատերազմում կար նաև Թուրքիայի անմիջական ներգրավվածությունը, որը, երբ համեմատում եմ Թուրքիայի դեմ 1920 թվականի պատերազմի հետ, շատ նմանություններ եմ գտնում»,- ասաց Մինասյանը:
Նա նշեց, որ Ապրիլյան պատերազմի մասին դասագրքերում ներառված է, նաև պատերազմում նահատակված հերոսների անունները.
«Շատ համառոտ, բայց հայրենասիրական ոճով ներկայացրել էի հերոսների անձնվիրական պայքարի մասին, բայց վերջին չափորոշիչների հեղինակները մեղադրում էին, թե ինչի համար եմ հայրենասիրության քարոզ արել, դա խանգարում է թուրքերի հետ բարեկամություն անել, իրենք կարծում են, որ թուրքերի հետ կարող են մշտապես բարեկամություն անել, որովհետև հարևան են: Սակայն սերունդներին հայրենասիրություն դաստիարակելու համար անհրաժեշտ է նահատակված հերոսների հերոսությունը ցույց տալ: Ներկայացրել եմ այն տղաներին, որոնք դիրքեր են պահել, որոնք «Ազգային հերոս», «Մարտական խաչ» առաջին կարգի շքանշան են ստացել: Պետք է հիշել, որ այդ սերունդը դաստիարակվել է 1990- ականների պատերազմի մասին դասագրքերով, և անհրաժեշտ է ապագա սերունդներին հայրենասիրությամբ դաստիարակելը»:
Պատմաբանը, անդրադառնալով Արցախի կորցրած տարածքներում մնացած հուշարձաններին, պատմական արժեքներին, ցավ հայտնեց, որ մեծ մասը մնացել է թշնամուն:
«Գրեթե բոլոր պատմամշակութային արժեքները մնացին իրենց, այդ հուշարձանների մասին, իհարկե, պատմության գրքերում կներառվի, որպեսզի սերունդներն իմանան, այդ ամենը մեր արժեքներն են: Տիգրանակերտում պեղումներ արած Մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանը գնաց լուսանկարեց, չափագրումներ արեց, ինչ կարողացան, բերեցին, սակայն Շուշիի թանգարանում շատ արժեքներ մնացին իրենց, և նրանք հիմա այդ ամենը դարձնում են իսլամական մշակույթի կենտրոն, իսկ Հայաստանում հայտարարում են, որ Շուշին ադրբեջանական քաղաք է: Շուշին նաև արվեստի թանգարան ուներ, ինձ ասացին, որ այդ մենը մնաց թուրքերին, քանի որ չեն հասցրել տեղափոխել, ո՞նց կարելի է մշակութային նման արժեքները թողել թշնամուն, դա կազմակերպելն ընդամենը մեկ-երկու օրվա գործ էր»,- ցավով նշեց պատմաբանը:










