Մեկ օրում՝ 347 058 պատվաստում․ Հնդկաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումը կատարվում է ռեկորդային արագությամբ
Հնդկաստանում մեկ օրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է ռեկորդային 347 058 մարդ, երկրի առողջապահության նախարարության հաղորդագրությանը հղումով գրում է korresponedent.net-ը։
Պատվաստումը Հնդկաստանում սկսվել է հունվարի 16-ին։ Մեկ շաբաթում պատվաստվել է 1 390 592 մարդ (օրական գրեթե 200 հազար):
Երկրի առողջապահության նախարարությունը նշում է, որ պատվաստվել ցանկացողների թիվն օրեցօր ավելանում է։
Հնդկաստանի իշխանությունները ծրագրում են առաջին փուլում պատվաստել 30 մլն մարդու՝ 10 մլն բուժաշխատողի և ռիսկային գոտում գտնվող 20 մլն աշխատողների, այդ թվում՝ ոստիկանների, զինծառայողների, քաղաքացիական պաշտպանության գերատեսչությունների աշխատակիցների:
Այնուհետև կպատվաստվեն 50 տարեկանից բարձր անձինք և մինչև 50 տարեկան այն անձինք, որոնք հարակից հիվանդություններ ունեն։
Կես տարվա ընթացքում Հնդկաստանը նախատեսում է պատվաստել մոտ 300 մլն մարդու։
Պատվաստունմներն իրականացվում են երկու պատվաստանյութերով՝ բրիտանական-շվեդական AstraZeneca ընկերության և Օքսֆորդի համալսարանի ստեղծած Covishield դեղամիջոցով, ինչպես նաև հնդկական Bharat Biotech ընկերության Covaxin պատվաստանյութով: Երկու պատվաստանյութերն ել արտադրվում են Հնդկաստանի տարածքում:
Օրերս Հնդկաստանում պատվաստանյութերի արտադրության խոշորագույն ձեռնարկությունում հրդեհ էր բռնկվել, զոհվել էր հինգ մարդ։










