ԱՄՆ պետքարտուղարի թեկնածուն ցանկանում է ամրապնդել Հունաստանի հետ անվտանգության կապն ու Հունաստանի, Կիպրոսի, Իսրայելի հետ եռակողմ գործընկերությունը

11:35 • 23.01.21

ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում առաջադրված թեկնածու Անտոնի Բլինքենը ցանկություն է հայտնել աշխատել ԱՄՆ-ի և Հունաստանի միջև անվտանգության կապն է՛լ ավելի ամրապնդելու ուղղությամբ, հայտնում է Greek City Times-ը:

Արձագանքելով սենատոր Ռոբերտ Մենենդեսի գրավոր հարցին՝ թեկնածուն ԱՄՆ-Հունաստան հարաբերությունները բնութագրել է որպես կարևոր քայլ Արևելյան Միջերկրական ծովում Վաշինգտոնի շահերի համար և դրականորեն խոսել Հունաստան-Կիպրոս-Իսրայել եռակողմ գործընկերությանը Միացյալ Նահանգների մասնակցության մասին (3 + 1):

Սենատոր Մենենդեսը ղեկավարում էր Արևելյան Միջերկրական ծովի անվտանգության և էներգետիկ գործընկերության մասին օրենքն (EastMed Act) ընդունելուն ուղղված գործընթացը: Օրենքը նախատեսում է նոր ռազմավարություն, որը հիմնված է տարածաշրջանի երեք պետությունների ՝ Հունաստանի, Իսրայելի և Կիպրոսի հետ ԱՄՆ-ի համագործակցության վրա:

«ԱՄՆ-Հունաստան անվտանգային հարաբերությունները կարևոր են Արևելյան Միջերկրական ծովում մեր շահերի համար և զգալիորեն բարելավվել են` սկսած Օբամա-Բայդեն վարչակազմից: Եթե իմ նշանակումը հաստատվի, ես կաշխատեմ շարունակել խորացնել կապերը Միացյալ Նահանգների և Հունաստանի, ինչպես նաև Միացյալ Նահանգների ու Կիպրոսի միջև», - եզրափակել է Բլինքենը: